Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանի սոցիալիստական կուսակցության անդամներին (տեսանյութ)

Հայաստանի Սոցիալիստական կուսակցությունը մեծ ոգևորությամբ է ընդունել ԲՀԿ նախագահի՝ նոր որակի իշխանության հրամայականի մասին հայտարարությունն ու դրան հետևած քայլերը: Ոչ իշխանական եռյակից ու համաժողովրդական այս շարժումից կուսակցության ակնկալիքն այս պահին մեկն է՝ ամեն ինչ դնել մի կողմ հանուն մեկ միասնական նպատակի, հանուն նոր որակի իշխանության, որի ընտրողը ինքը՝ ժողովուրդը կլինի:

«Ո՛չ հաջողությունը, ո՛չ էլ հաղթանակը առանց չարչարանքի չեն տրվում: Այդ հաղթանակին հասնելու ճանապահին յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մասնաբաժինը պետք է ունենա: Կողքից դիտելով, թե Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ կանեն, սխալ մոտեցում է: Սա վերաբերում է նաև արտախորհրդարանական ուժերին», – ընդունելով Հայաստանի Սոցիալիստական կուսակցության անդամներին՝ նշեց Գագիկ Ծառուկյանը:

Հաղթանակի հասնելու թիվ մեկ գրավականն այն հավատն է, որով այսօր ժողովուրդը լցված է դեպի համաժողովրդական պայքարը, դեպի ԲՀԿ նախագահը: Այդ հավատն ու վստահությունն է ուժ տալիս Գագիկ Ծառուկյանին, ով մեկ անգամ չէ հայտարարել, որ այս պայքարից ոչ մի անձնական շահ չունի: Եթե ժողովուրդը վստահել է իրեն, ուրեմն առավել քան պարտավորված է նույն ժողովրդի առջև:

«Կա եռյակը, բայց խորհրդարանից դուրս էլ կան գրագետ ու նվիրված մարդկանց համախմբող ակտիվ կուսակցություններ, որոնց ևս մեր ժողովրդի համար օրհասական այս պահին տրված է հնարավորություն կարևոր քայլ անելու: Ի վերջո ցանկանում են, որ ամեն ինչ այսպես մնա խեղճ ու հուսալքված, թե՞ փոփոխությունների սկիզբ են ուզում: Այս հարցում յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հստակ դիրքորոշում: Ակտիվ աշխատանքով, ձեր նվիրումով ու ընդհանուր գործին բերած ավանդով դուք կարող եք դառնալ համաժողովրդական այս շարժման կարևոր մասնիկն ու մասնակիցը»,-իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը ՝ պատրաստ արտախորհրդարանական ուժերի հետ առանձին-առանձին կնքել երկկողմ գործակցության հուշագրեր:

«Մենք պատրաստ ենք ցանկացած հարցում լինել Ձեր կողքին, մասը կազմել համաժողովրդական մեծ պայքարի, որի նպատակն անցնցում իշխանափոխությունն է»,- ամփոփեցին հանդիպման մասնակիցները:

Տեսանյութեր

Լրահոս