Եռյակը Ազատության հրապարակում հավաք կկազմակերպի, ԱԺ-ում` արտահերթ նստաշրջան
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քիչ առաջ եռյակի հերթական նիստից հետո հայտարարեց, որ քննարկվել են չորս խումբ հարցեր: Եռյակը որոշել է մերժել իշխանությունների հետ 12 կետերի շուրջ բանակցելու առաջարկը: «Մենք դրա մեջ որևէ իմաստ չենք տեսնում»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:
Եռյակը համարում է, որ իշխանությունները նման նախաձեռնությամբ ցանկանում են ընդդիմությանը ներքաշել երկարաժամկետ բանակցությունների իմիտացիայի մեջ, որի նպատակը համաժողովրդական շարժման թափը կոտրելն ու ժամանակ շահելն է: Ըստ Զուրաբյանի՝ իշխանություններ առանց եռյակի հետ բանակցությունների էլ կարող են կատարել այդ 12 կետերը և դրա համար հավելյալ բանակցություններ կամ աշխատանքային խմբեր ստեղծելն անիմաստ է:
Եռյակը որոշել է դեկտեմբերի 10-ին հավաք հրավիրել Ազատության հրապարակում: Սակայն դա չի լինելու սովորական հանրահավաք, այլ նվիրված է լինելու մարդու իրավունքների միջազգային օրվան: ՀԱԿ-ը նման հավաքներ կազմակերպում է 2009թ. և հիմա որոշվել է, որ այդ միջոցառումը կլինի եռյակինը:
Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ժամանակ կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում, որից հետո կլինի երթ դեպի Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ, և երթի մասնակիցների անունից գրասենյակին կհանձնվի ԵԽ նախագահին հասցեագրված նամակ, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի նկարագրությունը:
Եռյակը քննարկել է նաև համաժողովրդական շարժման քաղաքական խորհուրդ ձևավորելու հարցը, որը կունենա իր հանձնաժողովները: Յոթ հանձնաժողովներից մեկը կզբաղվի տարածքային գրասենյակների աշխատանքի և հանրային միջոցառումների կազմակերպման համակարգմամբ, երկրորդը՝ կհամակարգի աշխատանքը ոչ խորհրդարանական կուսակցությունների հետ, երրորդը՝ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների հետ, չորրորդը՝ կլինի համաժողովրդական շաժման տեղեկատվական կենտրոնը, հինգերորդը՝ կզբաղվի քաղաքացիների իրավական աջակցությամբ, վեցերորդը՝ կհամակարգի սփյուռքի կառույցների հետ աշխատանքը, իսկ յոթերորդը՝ կզբաղվի երիտասարդական կազմակերպությունների հետ համագործացությամբ:
Եռյակի օրակարգի չորրորդ հարցը վերաբերվել է Ընտրական օրեսգրքում փոփոխություններ կատարելու նպատակով արտահերթ նստաշրջան հրավիրելուն:
Եռյակը նման նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք կկազմակերպի, և, ըստ Լևոն Զուրաբյանի՝ իրենք այդ նիստի օրը դեռ չեն հստակեցրել քանի որ ցանկանում են բանակցել նաև մյուս խմբակցությունների`առաջին հերթին ՀՅԴ-ի հետ:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ դրանով իրենք կստուգեն՝ արդյոք Սերժ Սարգսյանը իր խոսքերին արժեք տալի՞ս է, թե՞ ոչ:
Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե իշխանությունները մերժեն Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու իրենց առաջարկը, իրենք ի՞նչ կանեն, Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ իրենց համար այդ հարցը որևէ սկզբունքային նշանակություն չունի, քանի որ իրենք ունեն ռազմավարական ծրագիր`իշխանափոխության իրականացում, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպում, և Ընտրական օրենսգրքի հարցով նստաշրջանի արդյունքը այդ ռազմավարական նպատակի իրականացման վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ: