«Այսօր համբակներ են մեջտեղ եկել և խոսում են պետութենական հարցից. մեկը հարցնող լինի` ի՞նչ ճանապարհ ես անցել». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով ադրբեջանցիների կողմից ԼՂՀ ուղղաթիռի խոցման փաստին, ասաց, թե մենք շարունակում ենք մնալ շատ վտանգավոր վիճակում. «Մենք չենք ուզում հասկանալ, որ մեր ժողովրդի ներկա սերնդի առաքելությունը նաև անցյալից մեզ կտակված հարստությունների պահպանումը, դրան հզորացումը և փոխանցումն է հաջորդ սերունդներին: Անցյալի ստեղծածը պահելու համար պետք է նոր ներուժ կուտակես: Ժողովրդական գործընթացները, որոնց մենք առնչվում ենք, մեր օգտին չեն»,- ասաց նա:

Ըստ նրա` գոյություն չունեցող ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու վերաբերյալ տեսնում ենք «ընդդիմադիր» ուժերի «բուռն դրսևորումներ». «Իսկ հիմա ռուսական զենքով խփում են ՀՀ ԶՈՒ ուղղաթիռին: Երբ ժողովրդի ամբողջ ուշադրությունը պետք է կենտրոնացած լիներ իր հիմնական խնդրին` անկախությանը, մենք ունենում ենք շեղող երևույթներ: Սա ցույց է տալիս, որ մեր ռազմավարական ուղղվածության ստրատեգիական տագնապները, ցավոք սրտի, արդարացված են: Մեծ դավադրություն է իրականացվում»,- նշեց նա:

Պարույր Հայրիկյանը զուգահեռներ անցկացրեց Սումգայիթի ողբերգության հետ.

«Հայաստանում անկախության շարժում կար, որն ստացավ նաև Արցախյան ինքնորոշման շարժման ընթացք: Դրանից շեղելու համար Մոսկվան կազմակերպեց «Սումգայիթը»: Ադրբեջան չկար, ադրբեջանցի չկար, կային քրեական հանցագործներ` ադրբեջանական ծագումով: Արցախյան շարժումը կայսրության ներսում ինքնորոշման շարժում էր: Այսօր նրանք շատ լավ գիտեն հայ ժողովրդի ներուժը: Եթե Ուկրաինայում օգտագործում են ռուսական ծագումով գործակալների, ապա այստեղ նրանց գործը մի քիչ դժվար է. ռուսական ծագումով այդքան գործակալներ չունեն և օգտագործում են հայ-ադրբեջանական հակամարտությունը, որը իրենց իսկ ստեղծած, պարտադրած ու պահպանածն է»:

Նա նկատեց, որ երբ գաղափարական դրսևորումների մասին է խոսքը, դրանք չեն երևում, իսկ մարդու գաղափարական կողմնորոշման մասին իմանալու համար քննում են նրա անցած ճանապարհը.

«Այսօր համբակներ են մեջտեղ եկել և խոսում են պետութենական հարցից. մեկը հարցնող լինի` ի՞նչ ճանապարհ ես անցել, որ քեզ իրավունք ես վերապահում խորհուրդներ տալ: Եվրոպական միությունից հրաժարվում ես ու գնում ԵՏՄ: Եվրոպական միությունում մեր աչքի առաջ 28 պետություններ խաղաղ գոյակցում են, իսկ ԵՏՄ-ն ի՞նչ է: Մարդիկ այդ գաղափարական խորություն ունեցող երևույթները քննարկելիս՝ պետք է անցած ճանապարհը նայեն, որպեսզի չսխալվեն: Մեկը զրո է, մյուսը՝ 60 տարվա անցած ճանապարհ ունի: Մեկը աշխարհի գերհզոր տնտեսությունն ունի, մյուսը՝ կործանվող տնտեսություն: Ինչքան անուղեղ պետք է լինի մարդ, որ անցած ճանապարհը թողնելով իր պատրանքներին հավատա, կամ գործակալների կողմից իրեն տրվող սին խոստումներին»,- նշեց բանախոսը:

Տեսանյութեր

Լրահոս