«Ծառուկյանին Մոսկվայում խորհուրդ են տվել հեռու մնալ Տեր-Պետրոսյանից». 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը:
-Պարոն Դուբնով, վերջին ամիսների հասարակության մի որոշ հատվածի մոտ տպավորություն կար, որ հայաստանյան Եռյակը գոնե մոտ ապագայում կշարունակի միասնական աշխատանքն Ազատության հրապարակում: Անսպասելիորեն, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց՝ Եռյակի ուժերին, մասնավորապես ԲՀԿ-ին, հորդորելով չլքել Ազատության հրապարակը և շարունակել համաժողովրդական պայքարը նույն ոգով: ԲՀԿ-ից պատասխանը չուշացավ. ԲՀԿ խոսնակն իր հերթին հորդորեց ՀԱԿ-ին կազմակերպել հանրահավաքներ ցանկացած տեղում, ցանկացած պահի: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԲՀԿ առաջնորդն օրերս, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, հանդիպեց Պուտինի մերձավորներից մեկի հետ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքականությունը Ծառուկյանի ռուսաստանյան այցից հետո:
-Լիովին ընդունում եմ, որ Ծառուկյանը Մոսկվայում է եղել, և նրան խորհուրդ են տվել հեռու մնալ ոչ այնքան ՀԱԿ-ից, որքան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, քանի որ, ես կարծում եմ, որ պարոն Տեր-Պետրոսյանին, չնայած նրա հռետորիկային, չհաջողվեց համոզել Մոսկվային այն բանում, որ ինքը հանդիսանում է Մոսկվայի գործընկերը: Կարծում եմ, որ Մոսկվայի համար այստեղ կարևոր է նույնիսկ ոչ այնքան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հարաբերությունները, որքան հնարավոր է՝ սա Ռոբերտ Քոչարյանի վարկաբեկվածության հետևանքն է, որն իր պլաններն ունի այս խաղում, և որը ևս բավարար հիմքեր ունի ՀԱԿ-ի հետ մտերմանալու հույսեր չփայփայելու: Բայց սրանք տակտիկական հարցեր են, որոնք իրենց տեղն ունեն, բայց որոշիչ չեն:
Ես կարծում եմ, որ, համակարգային իմաստով, ԲՀԿ-ն ամեն դեպքում չի կարող տեսականորեն ձեռք ձեռքի տված գործել ՀԱԿ-ի հետ, քանի որ դրանք տարբեր միավորումներ են, բացարձակապես տարբեր մարդիկ տարբեր նպատակներով՝ որքան էլ որ նրանք փորձեն իրենց հռետորաբանությունները, բառերը հարթակում հնարավորինս մոտեցնել: Ես միշտ մտածում էի, որ Եռյակը ժամանակավոր է: Ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն, ամեն դեպքում, որոշ չափով իր իշխանական ծագման պատանդն է: Սա, իհարկե, իր դերակատարությունն ունենում է այս ինտրիգային հարցերում:
-Եթե համարենք, որ ավարտված է Եռյակի գործունեությունը, ԲՀԿ-ն ի՞նչ խնդիր լուծեց՝ ընդդիմադիր համարվող երկու ուժերին ժամանակավորապես միանալով:
-ԲՀԿ-ն իրեն դրսևորեց որպես ընդդիմության առաջնորդ և ցուցադրեց, որ կարող է համախմբել, իսկ այդ Եռյակում պարոն Ծառուկյանն ակնհայտորեն իրեն առաջնորդ էր զգում: Ես կարծում եմ, որ նրա համար կարևորը ոչ թե իշխանության դեմ պայքարն էր, այլ դա իշխանության հետ շփումներում բանակցային դիրքի հայտ էր՝ այսպես ասած: Այսինքն՝ սա խաղ չէր ընդդեմ իշխանության, այլ ավելի ճիշտ՝ առևտուր:
-Որոշ փորձագետների գնահատմամբ՝ Եռյակը վերահսկվում էր ՀՀ երկրորդ նախագահի կողմից, և նա իր հաշվարկներն ուներ այս ամենում: Ի՞նչ եք մտածում այս մասին և քաղաքականություն վերադառնալու նրա հնարավորությունների մասին:
-Ես կարծում եմ, որ նա ինչ-որ առումով արդեն վերադարձել է քաղաքականություն գոնե այն պատճառով, որ մենք այս հարցը քննարկում ենք: Ես վստահ չեմ, որ նա լուրջ շանսեր ունի վերադառնալու քաղաքականություն ավելի պակաս վիրտուալ կերպով, քանի որ դրա համար իսկապես ջանքեր գործադրվում են, և ակնհայտորեն կա նպատակ հետաքրքրելու այդ մտադրությամբ Մոսկվային: Բայց ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէր Ձեր որակումը՝ «վերահսկել», քանի որ, ըստ իս, խոսքը ազդեցության մասին է. Ռոբերտ Քոչարյանն ազդում է Եռյակի գործունեության վրա Ծառուկյանի միջոցով և կարողանում է ըստ էության: Չեմ կարծում, որ այդ ազդեցությունը որոշիչ է, բայց որոշ շեշտադրումներ նկատելի են:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: