ՀՀ պաշտպանության նախարարը խրախուսել է մարզիկ-զինծառայողներին
Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով խրախուսել է 2014թ. ընթացքում միջազգային հեղինակավոր մրցահարթակներում նշանակալի հաջողություններ արձանագրած մի շարք մարզիկ-զինծառայողների:
ՀՀ պաշտպանության նախարության վարչական համալիրում կայացած հանդպմանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի և մարզական ասպարեզի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության պետ Վարդան Ավետիսյանը, ով վստահաբար արձանագրեց, որ 2014-ը Զինված ուժերի համար եղել է ոչ միայն մարտական պատրաստության և սահմանների պաշտպանության գործում, այլև միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում փայլուն հաղթանակների տարի:
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզիկական պատրաստության բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանն իր խոսքում հպարտությամբ փաստեց, որ տարբեր սպորտաձևեր ներկայացնող հայ մարզիկ-զինծառայողներն այսօր լուրջ հաջողություններ են արձանագրում աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ մրցաշարերում:
Պաշտպանության նախարության հավաքական թիմերի փայլուն հաջողությունների վկայությունն էլ միայն այս տարի նրանց կողմից նվաճված 55 ոսկե, 26 արծաթե և 17 բրոնզե մեդալներն են: Ավելին` 3 մարզիկ զինծառայողների շնորհվել են միջազգային սպորտի վարպետի, երկուսին էլ` միջազգային գրոսմայստերի կոչումներ:
Ողջույնի և երախտիքի խոսքերով հանդես եկան նաև Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ու պարտադիր ժամկետային զինծառայող, ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի առաջնության չեմպիոն Կարապետ Չանլյանը:
Հայրենիքի մարզական պատիվը միջազգային մրցահարթակներւմ բարձր պահելու համար պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատվոգրեր, գերատեսչական մեդալներ և արժեքավոր նվերներ հանձնեց ԱՄՆ-ում կայացած Միջազգային ռազմամարզական խորհրդի զինծառայողների ըմբշամարտի և Սեուլում անցկացված սամբոյի աշխարհի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին:
Հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց պաշտպանության նախարարի ամփոփիչ ելույթով: Կարևորելով սպորտի և ֆիզիկական պատրաստության դերը զինված ուժերում և զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարզիկ զինծառայողներին մաղթեց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Սեյրան Օհանյանը հույս հայտնեց նաև, որ արձանագրված հաջողություններն ու խրախուսումները պարտավորեցնող կլինեն և 2015թ. ընթացքում հայկական դրոշը կշարունակի ծածանվել միջազգային մրցաշարերում:
ՀՀ պաշտպանության նախարարություն