Բժիշկ-վիրաբույժին մեղադրանք է առաջադրվել` մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար. Բուժվող հիվանդը մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել` վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ:
Քրեական գործի մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2013 թվականի հոկտեմբերի 9-ից Վանաձոր քաղաքում անց է կացվել ձեռքի գնդակի հանրապետական մրցաշար, որին մասնակցելու նպատակով Երևանից Վանաձոր քաղաք է ժամանել նաև գործով տուժող Դավիթ Հովակիմյանը:
2013 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, «Վանաձորի Ղարաքեշիշյանի անվան 1-ին արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքի մոտ՝ միմյանց երկար նայելու և վանաձորցիներին հայհոյելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ, Կ.Կունգուրցևը, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանին՝ կյանքի համար կենսական կարևորագույն նշանակություն ունեցող օրգանի՝ սրտի ուղղությամբ։
Հարվածի հետևանքով, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Դ.Հովակիմյանին պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում, որն ուղեկցվել է ձախ թոքի վերին բլթի միջանցիկ և կույր, սրտապարկի, սրտի ձախ փորոքի հետին-կողմնային պատի միոէպիկարդիալ շերտի շոշափող ընթացքով միջանցիկ վնասումներով, սակայն վերջինիս ընկերների՝ Ռ.Սարգսյանի, Ա.Համբարձումյանի, Գ.Ավագյանի և Ա.Կռոյանի օգնության հասնելուց հետո Կ.Կունգուրցևը դիմել է փախուստի՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ իր կամքից անկախ հանգամանքներով: Դեպքից անմիջապես հետո՝ժամը 18:45-ին, Դավիթ Հովակիմյանին տեղափոխել են «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն, որտեղ ժամը 21:35-ի սահմաններում մահացել է:
Կ.Կունգուրցևի կողմից Դավիթ Հովակիմյանի սպանության փորձի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի օգոստոսի 26-ին որոշում է կայացվել՝ բուժսպասարկում իրականացնող անձի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով բուժվող հիվանդի մահն անզգուշությամբ առաջացնելու դեպքի առթիվ հարուցել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, և այն անջատել առանձին վարույթ։
Իսկ Կարեն Կունգուրցևի վերաբերյալ քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին ուղարկվել է դատարան:
ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հերթապահ վիրաբույժ Հ.Գոգորյանը, զննելով Դավիթ Հովակիմյանին և տեսնելով վերջինիս ծանր վիճակը, զանգահարել և հիվանդանոց է հրավիրել նույն ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանին: Վերջինս ժամը 19:20-ի սահմաններում ժամանել է հիվանդանոց և ստանձնել Դավիթ Հովակիմյանի բուժսպասարկումը:
Դավիթ Հովակիմյանի մոտ առկա ցածր զարկերակային ճնշման, ծայրահեղ ծանր վիճակի, ծակած-կտրած վիրավորման տեղակայության և թափանցող բնույթի պայմաններում Վլադիմիր Ղուկասյանը չի իրականացրել կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, ձախակողմյան ախտորոշիչ կրծքավանդակահատում (թորակոտոմիա), իրավիճակի գնահատումով՝ միանվագ ստացված արյան քանակի և շարունակվող արյունահոսության նկարագրությամբ, ժամանակին չի կատարել ձախ թոքամզային խոռոչի դրենավորում՝ հակաշոկային բուժմիջոցառումների սկզբնական ժամանակահատվածում բավարար արդյունք չտալու՝ հիվանդի վիճակի կայունացման և բարելավման չբերելու ու դրանով հանդերձ՝ կյանքի ցուցումներով անհապաղ թորակոտոմիայի (կրծքավանդակահատման) անհրաժեշտության պայմաններում չի կատարել ձախակողմյան ախտորոշիչ թորակոտոմիա, որի պատճառով ժամանակին չի հայտնաբերել ձախ թոքի, սրտապարկի ու սրտի վնասվածքները, արյունահոսության աղբյուրը և չի դադարեցրել արյունահոսությունը:
Դավիթ Հովակիմյանին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում բժիշկ-վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի վերոհիշյալ թերություններն ու բացթողումները, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելը, նախաքննության տվյալներով, անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը՝ կրծքավանդակի ձախ կեսի թափանցող ծակած-կտրած վիրավորումով, արյան զանգվածային կորստով պայմանավորված ծանր աստիճանի հեմոռագիկ շոկի պատճառով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին