ՀՀԿ-ն հորդորում է Ծառուկյանին «բռնի ուժով փայ մտնելու» ստույգ օրինակներ բերել. azatutyun.am
Երեկ zham.am-ին տված հարցազրույցում «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարն ասել էր, թե Հայաստանում պետք է մեկընդմիշտ վերանա բռնի ուժով փայ մտնելու ավանդույթը: «Ոչ ոք Հայաստանում այլևս չպետք է կարողանա օգտագործելով իր դիրքը փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում»,- ասել է Ծառուկյանը:
Մինչդեռ իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձում է՝ իրենք նման երևույթ չեն տեսել, տեսնողներին էլ հորդորում են կոնկրետ օրինակներ բերել:
«Մի ժամանակ ես էլ էի հետևում մամուլին, հայհոյում էի, թե էս ինչ է կատարվում, հետո ուսումնասիրում էի, գտնում էի, որ նման բան չկա։ Դուք բերեք մի օրինակ, որ խլել են կամ տարել են, մենք սկսենք քննադատել կամ հետաքրքրվել՝ ինչ է կատարվում։ Ես չգիտեմ նման երևույթ»,- azatutyun.am-ին ասել է նա։
Բաղդասարյանը բերում է իր օրինակը, թե ինչպես էին գրել այն մասին, որ իբրև թե Հանրապետականի համամասնական ցուցակում ընդգրկելու համար ձեռքից վերցրել են Վանաձորում իր ընտանիքին պատկանող շենքը։
«Մեկը անձամբ իմ մասին էին գրել։ Այլ խնդիր է, երբ մարդը ցանկանում է մեծ գործարքի մեջ մտնել, իրեն ինչ-որ բան չի բավարարում՝ կամ ֆինանսական, կամ մարդկային ռեսուրսը չի բավարարում, մարդիկ հաճախ գնում են, /նման դեպքեր բազմիցս եղել իմ շրջապատում/, առաջարկում են՝ սա մենակ մարդու հնարավորությունների, աբյոմի սահմաններում չէ, ես խնդրում եմ միացեք։ Եվ մամուլում արդեն կարող են մեկնաբանել, որ զոռով մտել են, բայց մարդիկ կարող է գնացել, առաջարկել են, որպեսզի մտնեն, որ կարողանան բիզնեսը զարգացնել»,- ասաց Բաղդասարյանը։
«Ազատության» դիտարկմանը, որ մամուլը ամենահաճախը այսպիսի դեպքերում շրջանառում է նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր անունը, Հանրապետական խմբակցության ղեկավարը արձագանքեց.- «Էդ առաջին դեպքը, որ ասում էի, հենց նախագահի եղբոր անունն էին շրջանառում, որ ինձնից վերցրել են, որ ես… և այլն։ Ասում եմ՝ դրանք ապատեղեկատվություններ են, և պարզապես, որպեսզի կարողանան ինչ-որ ձևով նախագահի, նրա հեղինակության հետ խաղալ և այլն, բնականաբար, նրա ընտանիքի անդամներին են թիրախ վերցնում։ Ես զարմանում են, որ ճանաչված քաղաքական գործիչները իրենց թույլ են տալիս նման անդրադարձներ կատարել։ Այդ նույն բանը կարող ենք նույն հաջողությամբ ասել այն բոլոր մեծահարուստների մասին, որոնք այս երկրում հարստացել են, ասենք՝ սրանից են վերցրել, նրանից են վերցրել։ Ես չգիտեմ… [Ծառուկյանը վերցրել է, թե՝ չէ], եթե հանկարծ իմանամ, որ նման բան կա, իրեն ուղղակի կասեմ։ Ես չգիտեմ, որ այդ մարդը նման բաներով զբաղվում է ընդհանրապես»։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: