Ն.Փաշինյանը՝ Տարոն Մարգարյանի և Սուրիկ Խաչատրյանի մասին. ՀՀ-ում պաշտոնյաների դեդովշինա գոյություն ունի՞

«Արդեն 3 տարի է` քննարկում ենք բյուջեի նախագիծ և դրա կատարման հաշվետվություններ և 3 տարի անընդմեջ ԱԺ նախագահի ստորագրությամբ հրավիրվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մարզպետները: Ես 3 տարի պարտաճանաչ մասնակցում եմ ու 3 տարի չեմ տեսել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Ես չեմ հասկանում` Հայաստանում պաշտոնյաների դեդովշինա՞ գոյություն ունի, արտոնյալները չեն գալիս, գալիս են առավել ոչ արտոնյալները: Նրանք, ովքեր պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում ունեն, կամ գիտության թեկնածու են` չեն գալիս»,- այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ պաշտոնյաների փոխարինողներն ասում են, թե նրանք կարևոր գործեր ունեն. «Ի՞նչ է, մենք հավաքել ենք կարևոր գործ չունեցողների՞ն: Ինչպես Սուրիկ Խաչատրյանը և Տարոն Մարգարյանը, ես հիմա շատ կարևոր գործեր ունեմ, չեմ կարող մնալ, իսկ եթե Սուրիկ Խաչատրյանը և Տարոն Մարգարյանը գան, իմ հեռախոսահամարն ունեք, զանգեք, իմ կարևոր գործերը մի կողմ կթողնեմ ու իսկույն կգամ»: Ն.Փաշինյանը նշեց, որ սա հարց չէր, դիտարկում էր, ասաց՝ ցտեսություն, մաղթեց արդյունավետ քննարկում և ամենայն հաջողություն:

Ֆինանսավարկային հանձնաժոովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց այս քննարկումներին հարիր բառապաշար օգտագործել ու հույս հայտնեց, որ այն մարդիկ, որոնք ներկայացված են քննարկմանը, կմեկնաբանեն իրենց վերադասի բացակայությունը:

«Այդ մեկնաբանություները ես շատ եմ լսել»,- հայտարարեց Փաշինյանն ու լքեց դահլիճը:

Տեսանյութեր

Լրահոս