«Առաքելություն». Հանաքվեի միջոցով իշխանության հավերժացման փորձը կանխելու ամենաիրական ուղին ներկա իշխանությունների պաշտոնաթողությունն է
«Առաքելություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Տևական ժամանակ է, ինչ սահմանադրական փոփոխությունների թեման դրվել է շրջանառության մեջ, անգամ իրականացվել են մարզային «քննարկումներ»՝ հանրային գիտակցության մեջ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու սցենար ներարկելու նպատակով: Թե ինչո՞ւ է իշխանությունը ցանկանում անցում կատարել խորհրդարանական կառավարման մոդելին՝ ակնհայտ է կարծես թե բոլորին:
«Առաքելություն» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններն այս փուլում համարում է ժամանակավրեպ, քանի դեռ անշրջելի իրականություն չի դարձել գործող Սահմանադրության՝ ՀՀ-ՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ դրույթը:
Հարկ ենք համարում արձանագրել հատկապես հետևյալը
- Կառավարման նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական մոդելների առավելություններն ու թերություններն առ ոչինչ են, քանի որ էական չէ՝ ընտրակեղծիքներով ու թվանկարչությամբ «ընտրված» նախագահն է կառավարում երկիրը, թե՞ նույն կերպ «ընտրված» խորհրդարանական մեծամասնության ղեկավարը:
Իսկ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ միայն 2015թ փետրվար-մարտ ամիսներին վերջնական տեսակետ ներկայացնելու՝ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը խիստ անբնական է, քանզի հենց նա է հիշյալ գործընթացի նախաձեռնողը: Ավելին՝ մինչ 2015 թ փետրվար-մարտ ամիս ժամանակահատվածն այլ կերպ, քան «խարդավանքների թայմ-աութ» դժվար է անվանել, որի ընթացքում իշխանությունները փորձելու են տարրալուծել-կասեցնել սահմանադրական փոփոխություններին հնարավոր ընդդիմադիր լայն կոնսոլիդացիան:
«Առաքելություն» կուսակցությունը հայտարարում է .
Սահմանադրական հանաքվեի միջոցով իշխանության հավերժացման փորձը կանխելու ամենաիրական ուղին ներկա իշխանությունների պաշտոնաթողությունն է: