«Ոչ մի տեղ գրված չէ, որ Հանրապետականը հավերժ պետք է լինի իշխանություն»
168.am-ը Եռյակի երեկվա հանրահավաքի և, մասնավորապես, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ելույթի շուրջ զրուցեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
– Ի՞նչ կարծիք ունեք Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին:
– Համեմատած բոլոր ելույթների հետ` բավական զգույշ ելույթ էր: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Եռյակն ընդհանուր որոշումով չէր բարձրացել հարթակ: Դա ավելի շատ նկատեցի առաջին նախագահի ելույթի ժամանակ, կարծես բարձրացել էին մեկը մյուսին քննադատելու, և հասկացա, որ, կարծես թե, «Ժառանգությանը» մեկուսացնելու միտում կար:
– Ինչո՞ւ:
– Որովհետև եղան քննադատական խոսքեր, նորից «երկու-երեք տասնյակ մարդիկ» և այլն: Եթե նրանք մի նպատակի համար էին բարձրացել հարթակ, ինձ թվում է` իրենց քննադատությունները մեկը մյուսին պետք է առանձին անեին, ոչ թե հանրության մոտ:
Այսինքն` ես ցավում եմ, որ հանրությունը նորից կարող է հիասթափված լինել, որովհետև այն միասնական կոչը, որին հանրությունը սպասում էր, այդպես էլ չեղավ:
Իսկ Ծառուկյանի ելույթի հետ կապված` ասեմ, որ ապագային միտված ելույթ էր և, բնականաբար, այն խնդիրները, որոնք բարձրացվում էին այնտեղ, նաև իշխանության ուշադրության կենտրոնում են գտնվում: Եվ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե կան խնդիրներ, կարող են միասնական ձևով այդ խնդրին տալ լուծումներ, այսինքն` կարևոր չէ, թե դա ով պետք է լինի: Դրանք ընդհանուր, տեքստային առաջարկություններ էին, որոնք անընդհատ հնչում էին: Որևէ վտանգավոր բան ես չեմ տեսնում:
– Ո՞ւմ համար:
– (Ժպտում է,-Ա.Ս.): Որոշ մարդիկ, քաղաքական ուժեր ասում են` կարող են լինել անկարգություններ, բայց ամեն ինչ նորմալ կազմակերպվեց, հերթական հանրահավաքներից մեկն էր: Մարդիկ իրենց ասելիքը ցանկանում էին ասել, որ թե ԱԺ ամբիոնից, այլ պարզապես հանրությանը ցույց տալ, որ «մենք կարող ենք մարդիկ հավաքել»:
– Դուք ասացիք` «ապագային միտված ելույթ էր»: Նկատի ունեք, որ «Բարգավաճ Հայաստանի» նպատակը գալիք, հերթական ընտրություննե՞րն են:
– Այո´, այո´, ես այդ տպավորությունն եմ ստացել, որ նախապատրաստական փուլ է` հերթական ընտրություններին իրենց մասնակցությունն ունենալու համար:
– Շատ լավ, բայց Ծառուկյանը հայտարարում է` «մեր դիրքորոշումը հստակ է` մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության», և ավելացնում` «եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ»: Սրա մասին ի՞նչ կասեք:
– Այսինքն` իշխանությունն ի՞նչը պետք է անտեսի: Իշխանությունը ոչինչ չի անտեսում և մտադրություն էլ չունի անտեսելու: Ինչի՞ մասին է խոսքը: Արտագաղթի կրճատո՞ւմը պետք է անտեսի իշխանությունը…
– Նկատի ունի այն պահանջները, որոնք իրենք ներկայացնում են: Այսինքն` անհրաժեշտ են այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր, պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը և այլն, և այլն:
– Բայց դրանք բոլորը զետեղված են կառավարության և նաև նախագահի նախընտրական ծրագրում, և դրան ընդառաջ քայլերը կատարվում են:
– Իսկ Հանրապետականն այսօր վտանգ տեսնո՞ւմ է իր իշխանությունը կորցնելու իմաստով:
– Ո´չ, ոչ: Ես բազմիցս պատասխանել եմ այդ հարցին` նման հիմքեր չկան, որ Հանրապետականը տեսնի: Ոչ մի տեղ գրված չէ, որ Հանրապետականը հավերժ պետք է լինի իշխանություն: Կգա 2017 թվականը, կլինեն ԱԺ ընտրություններ: Եթե ժողովուրդն իր քվեն կտա այլ քաղաքական ուժի կամ այլ դաշինքի, կամ ԱԺ-ում կստեղծվի այլ կոալիցիա, որտեղ Հանրապետականը տեղ չի գտնի կամ կլինի կոալիցիայի մեջ, այդ ժամանակ կդրվի խնդիրը, թե Հանրապետականն ինչ կարգավիճակում պետք է լինի: Դա կարող է լինել ընտրությունների արդյունքում:
– Իսկ որքանո՞վ եք հավանական համարում, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունները:
– Նորից եմ կրկնում` չկան նման հիմքեր, և այդ հավանականությունը ինձ մոտ զրոյացված է: