«Երեխաների հոգեբանական վիճակի մասին որևէ մեկը մտածո՞ւմ է»
«Անցած տարի մենք մեր իրավաբանների հետ մշակել էինք օրենքի նախագիծ, որը կոչվում է «Արգելք այլասերվածության քարոզչության», որտեղ ձևակերպված է՝ նույնասեռականությունը, ոչ ավանդական, հակաընտանեկան արժեքների քարոզչությունն արգելել անչափահասների շրջանում: Մենք բազմիցս կոչ ենք արել մեր պատգամավորներին, որ վերջապես սկսեն այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, նման օրենք ընդունել անպայման, քանի որ սկսած համացանցից, վերջացրած գրքերով՝ մեր երեխաները հսկայական հոգեբանական հարվածի տակ են գտնվում»,- ասաց Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Արման Բոշյանի խոսքով՝ երեխան կարող է շոկ ապրել համացանցում տարբեր կայքեր բացելիս կամ այնպիսի գրքեր գնելիս, երբ տեղյակ չէ անգամ, թե ինչ է այնտեղ գրված. «Հիմա խանութում վաճառվում է Բաց հասարակության հիմնադրամի կողմից հրատարակված տրանսվիստիտների գովազդի գիրք, որտեղ նկարներ էլ կան, և որը ցանկացած երեխա կարող է գնել: Ի դեպ, այն նաև ակտիվորեն գովազդվել է «Սիվիլնեթ»-ով: Երեխաների հոգեբանական վիճակի մասին որևէ մեկը մտածո՞ւմ է` ո՛չ, օրենքն արգելո՞ւմ է, ո՛չ: Սա է խնդիրը, դրա համար ես կոչ եմ անում մեր պատգամավորներին, մեր Կառավարությանն ընդունել ինֆորմացիոն անվտանգության մասին օրենք: Եկեք թույլ տանք, որ մեր փոքրիկ հասարակությունն առողջ մեծանա»:
Ըստ Ա. Բոշյանի՝ պետք չէ շահագործել «մարդու իրավունք», «ազատություն» և այլ նմանատիպ հասկացությունները, որպեսզի անցնել չափն ու սահմանը.«Դրանք բացարձակ հասկացություններ չեն: Դեմ լինելով ցենզուրային՝ ասեմ, որ Հայաստանում ինֆորմացիոն անվտանգության որևէ օրենսդրական դաշտ գոյություն չունի, իսկ ինֆորմացիոն անվտանգությունն անգամ տնտեսական անվտանգությունից ավելի կարևոր է: Առողջ հասարակություն ձևավորելու համար անհրաշեշտ է, որ ինֆորմացիոն դաշտը լինի պաշտպանված»:
Երևանի աշխարհաքաղաքական ակումբի հիմնադիր անդամ Հայկ Այվազյանն էլ ասաց, որ ամբողջ լրատվամիջոցներով՝ սկսած սերիալներից, վերջացրած համացանցով՝ համատարած բռնության, այլասերման քարոզչություն է ընթանում, որն էլ բնականաբար առաջացնում է իր բացասական հետևանքները. «Երբ արդեն առաջանում են այդ հետևանքները, հանդես են գալիս մարդիկ, կազմակերպություններ, որոնք ասում են՝ դե եկեք սեռական դաստիարակություն մտցնենք դպրոցներում, որպեսզի այդ հետևանքները վերացնենք, այսինքն՝ պատճառը չվերացնելով՝ փորձում են հետևանքների դեմ պայքարել»:
Որպես այս խնդիրների լուծում՝ Հ. Այվազյանն առաջարկում է փոփոխությունները սկսել մայր օրենքից՝ Սահմանադրությունից. «Այսօր Սահմանադրության մեջ բարձրագույն արժեքը մարդու իրավունքն է: Ես իմ կատարած վերլուծության արդյունքում բացահայտեցի, որ Սահմանադրության մեջ իրավունք բառը մի քանի անգամ ավելի շատ է կրկնվում, քան պարտականություն բառը, այսինքն՝ այնպիսի բարձրագույն արժեքներ, ինչպիսիք են հայրենիքը, հայրենասիրությունը, բարոյականությունը, ամրագրված չեն Սահմանադրության մեջ: Ամեն ինչ պետք է սկսել մայր օրենքից՝ կարծում եմ»: