Մանկական գրականությո՞ւն, թե՞ այլասերման քարոզ

Ծախում էի շուկայում ձու,
Հանդիպեցի մի գյուղացու,
Ոտքերը՝ ծուռ, ձեռքերը՝ ծուռ,
Տրորեցի ոտքը նրա,
Նա էլ ընկավ քթի վրա:

Նմանատիպ գրվածքների, որոնց դժվար է անգամ ստեղծագործություն անվանելը, այսօր հաճախ կարելի է հանդիպել մանկական գրականության մեջ: Այսպե՞ս ենք սերունդ դաստիարակում: Այս հարցերի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին մանկագիր Լիպարիտ Սարգսյանը և «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը:

«Մենք դեմ ենք գրաքննությանը, այն համարում ենք աբսուրդ, անհեթեթություն, որովհետև ինչ որ արգելվում է, ավելի հետաքրքիր է դառնում: Միակ պայքարի ձևը, որ մենք տեսնում ենք, այսօր ստեղծվող լավագույն մանկական գրականությունը լրատվամիջոցների և այլ հասարակական կազմակերպությունների կողմից գովազդելն է, մարդկանց ծանոթացնելը, իրազեկելն ու առաջարկելը»,- ասաց Անուշ Վարդանյանը:
Նրա խոսքով՝ հրատարակչությունները պատասխանատվություն չեն կրում հրատարակվող գրքերի համար, բայց իրենք ընտրում են միայն լավագույն գրքերը, և թեկուզ քիչ տպաքանակով, բայց նախապատվությունը տալիս են կրթող, դաստիարակող գրականությանը:

Մանկագիր Լիպարիտ Սարգսյանն էլ ասաց, որ մեր գեղարվեստական գրականության դարավոր մշակույթը եղել է խիստ դաստիարակչական. «Մեր մեծ գրողները, որոնցից շատերն անգամ դասագրքեր են ստեղծել, ընտրել են լավագույնը, մարդասիրական, հայրենասիրական, աշխատասիրական ու այլ բարձր գաղափարներ պարունակող գրականությունը, և այդ դասագրքերը դառնում էին ուղեցույց, գաղափարական հիմքեր երեխաների համար: Մենք իհարկե չենք կարող ասել, որ այսօրվա դասագրքերն այդպիսին չեն, բայց մանկական գրականությունը, որ այսօր առաջարկվում է գրախանութներում, պարզապես անթույլատրելի երևույթ է: Դրա միակ լուծումն իսկապես լավագույն գրականության քարոզումն է և օրենսդրական դաշտի միջոցով որոշակի վերահսկողություն սահմանելը»:

 

Տեսանյութեր

Լրահոս