Վարդան Օսկանյան. Այս համակարգը ջարդել կարելի է միայն իշխանափոխությամբ

ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ինքնանպատակ չեն եկել, եկել են պարտադրված, որովհետև այլընտրանք չունեն՝ երկիրը ծանր վիճակում է: Ըստ նրա՝ իշխանությունն անտեսում է այս ծանր վիճակը ու ձևացնում, թե ոչինչ չի նկատում ու պատրաստ չէ ոչինչ փոխելու. «Սահմանադրական ավանտյուրայի միջոցով ուզում են երկարացնել իրենց իշխանությունը: Այս համակարգը ջարդել կարելի է միայն իշխանափոխությամբ»:

Ըստ Օսկանյանի՝ երբեք այսպիսի վիճակ չի եղել, կա իշխանափոխության հստակ պահանջ, վկայությունը՝ այս հանրահավաքն է, քաղաքական ուժերի մեծամասնության լիդերների և նրանց անդամների ներկայությունն է, որոնք իրենց քաղաքական շահերը, տարակարծությունները մի կողմ են դրել ու ընդհանուր բռունցք դարձել: Նրա խոսքով՝ այս ընդդիմությունը վայելում է ժողովրդի վստահությունը, պաշտոններ չի հետապնդում, իշխանափոխությունը հասկանում է միայն ազատ ու արդար ընրտրությունների միոջոցով:

«Մենք սկսել ենք մի գործընթաց և սա սկիզբն է: Ես գիտեմ, որ պարոն Ծառուկյանը ներկայացնելու է ճանապարհային քարտեզն ու ասելու է, թե ինչ ենք պահանջում ու այդ պահանջները չիրականացնելու դեպքում այստեղի զանգվածները կրկնապատկվելու են,- ասաց նա՝ նշելով, որ կարիքի դեպքում նստացույցեր էլ կլինեն,- Այդ բոլորը մեր զինանոցում կան»:

Տեսանյութեր

Լրահոս