Արամ Սարգսյան. «Եթե մենք չզսպենք այն գող-ավազակների ախորժակը, որ բյուջեն գողանում են և լափում, ուրեմն ոչինչ չի փոխվի երկրում»
«Մենք՝ որպես պետություն, շատ անլուրջ վերաբերվեցինք ԵՏՄ-ին մեր անդամակցությանը, քանի որ սա շատ լուրջ քաղաքական իրադարձություն է, և ընդհանրապես իր էությամբ շրջադարձային է: Այդ առումով՝ պետք է շատ լուրջ քննարկում տեղի ունենար երկրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է իրազեկման լուրջ միջոցառումներ իրականացնի հասարակության շրջանում, քանի որ մարդիկ իսկապես չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում Եվրասիական տնտեսական միություն. արդյո՞ք դա քաղաքական միավորում է, արդյո՞ք դա սկիզբն է այդպիսի քաղաքական միավորման, արդյո՞ք դրանից մենք իսկապես լուրջ օգուտներ ենք ունենալու.
«Այն, ինչ Հայաստանին ներկայացվում է այդ պայմանագրով, իրոք, լավագույն պայմաններն են, լավագույն հնարավորությունները տնտեսության զարգացման համար: Մեզնից է կախված արդեն, թե այդ հնարավորությունները մենք ինչպես կօգտագործենք: Օրինակ՝ եթե մենք մենաշնորհը չվերացնենք, մենք ոչինչ չենք փոխի մեր երկրում, որքան էլ նրանք մեզ փորձեն օգնել այդ հարցում, եթե մենք չզսպենք այն գող-ավազակների ախորժակը, որ բյուջեն գողանում են և լափում, ուրեմն ոչինչ չի փոխվի, այսինքն՝ այդ ամեն ինչը ներքին քաղաքականությունից է կախված»:
168.am-ի հարցին, թե տնտեսական անվտանգության առումով ինչպե՞ս է գնահատվում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ դեռևս շարունակվում են, Արամ Սարգսյանն ասաց, որ այդ պատժամիջոցները ժամանակավոր բնույթ են կրում, և մի կողմից էլ Ռուսաստանի համար մի հետաքրքիր երևույթ են.
«Նրանց վերջապես ստիպեցին սեփական արտադրությամբ զբաղվել, այսինքն՝ այդ ահռելի պետությունը, որ անսահման հնարավորություններ ունի, թող ինքը սկսի գյուղատնտեսությունը զարգացնել՝ դրսից բերելու փոխարեն, թող ինքն արտադրի արդյունաբերական ապրանքները և այլն: Գիտեք, պատմությունը ցույց է տվել, որ Ռուսաստանը միշտ էլ ստեղծել է պրոբլեմներ՝ հետագայում հաղթահարելու համար:
Նրանք այս խնդիրներն էլ կհաղթահարեն, անհոգ եղեք: Պարզապես այս պահին, երբ նույնիսկ պատժամիջոցներ են կիրառվում, հնարավոր է ռուսական շուկան օգտագործել: Ամենագլխավոր հարցն արդեն լուծվել է, այսինքն՝ Վրաստանը մեզ համար այլևս խոչընդոտ չի Մաքսային միության հետ կապված, այսինքն՝ Վրաստանը համաձայնեց, որ իր տարածքով հանգիստ անցնենք, և որևէ մաքսային գործողություններ չեն լինելու: Դա նշանակում է, որ ունեցանք ընդհանուր սահման Ռուսաստանի հետ, ինչն անսահման հնարավորությունների աղբյուր է»: