Գազավորված ըմպելիքի հաճախակի օգտագործումն արագացնում է ծերացման գործընթացը. հետազոտություն
Գազավորված ըմպելիքի օգտագործման վնասների մասին շատ է խոսվում՝ ճարպակալում, աղեստամոքսային եւ մարսողության խանգարումներ եւ այլն:
Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունները պարզել են, որ գազավորված ըմպելիքների հաճախակի օգտագործումն արագացնում է նաեւ բջիջների ծերացման գործընթացը, գրում է meddaily.ru-ն՝ վկայակոչելով The Times of India-ին:
Հայտնի է, որ կյանքի տեւողությունը պայմանավորված է բջիջների քրոմոսոմներում տեղակայված հատուկ մարմինների երկարությունից: Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք հատկապես կարճ են այն անձանց մոտ, ովքեր հաճախ են գազավորված ըմպելիք օգտագործում: Օրական 0,5լ գազավորված ըմպելիքի օգտագործումը բջիջների տարիքն ավելացրել է 4,6 տարով: Սա համադրելի է ծխելու ազդեցության հետ: