Բաժիններ՝

Նախկին ազատամարտիկը խոպան գնալով է տունը պահում

asparez.am-ը գրում է.  Հազիվ հարմարեցված այս խղճուկ տնակից տիկին Անժիկը ժամանակին կռվի դաշտ է ճանապարհել ամուսնուն` Ժիրայր Գալստյանին, ով 1992 թվականից ԼՂ-ում մասնակցել է մարտական գործողությունների: Ապա նա այս տնակից զինվորական ծառայության է ուղարկել 2 որդիներին. 2 տարի անց այստեղից հայկական բանակում ծառայելու կմեկնի նաեւ նրա կրտսեր որդին:

3 որդու եւ մեկ դստեր հետ Գալստյան ամուսինները 1990-ից բնակվել են Գյումրու Մանուշյան փողոցի տնակային ավանի` 230/175 հասցեում: Նրանք երկրաշարժի հետեւանքով բնակարան չեն կորցրել, իսկ մինչ երկրաշարժը ապրել են վարձու բնակարանում: Տիկին Անժիկի պատմելով` ոսկեղենը վաճառել ու գնել են տնակը հենց այն ժամանակ, երբ մարդիկ Գյումրիում սկսել են ավելի շատ տնակ վաճառել, քան՝ տուն ու բնակարան: Վաճառված ոսկեղենի գումարը բավարարել է միայն տնակ գնելու համար:

Տնակին կից, տարիների ընթացքում, ընտանիքը կառուցել է քարե շինություն: Այսօր որքան էլ այդ տնակը վերանորոգեն, այնուհանդերձ, հնարավոր չէ ամբողջովին վերացնել թերությունները: Գյումրիում հազարավոր անօթեւան ընտանիքների նման, Գալստյանները եւս անձրեւին ու ձյանը պայքարում են տանիքի կաթոցների դեմ, սառը օդն ու քամին տնակում տեւական են, որովհետեւ լուսամուտներն ամուր չեն փակվում, ապակիներն էլ հին են: Տնակում գազ չկա, որովհետեւ թաղը գազաֆիկացված չէ. տիկնոջ խոսքով` էլեկտրաէներգիայի հույսին են, ջուր թեպետ կա տնակում, սակայն կոյուղի չկա: Եւ այս պայմաններում մեծացել են 3 զինվոր ու մեկ ապագա մայր:

Կնոջ խոսքով` ամուսինը թեպետ ՌԴ է մեկնում արտագնա աշխատանքի, այնուհանդերձ, հազիվ հագուստի, սննդի ծախսերն են կարողանում հոգալ: Միակ դուստրը ամուսնացած է, միջնեկ որդին ներկայում ծառայում է ԼՂ-ում, իսկ ավագ որդին վերադարձել է հայկական բանակից, այսօր աշխատանք չի գտնում քաղաքում, կրտսեր որդին էլ քոլեջի ուսանող է: Ինքը` տիկին Անժիկը, առողջական խնդիրներ ունի, չի կարող աշխատել: Վերջերս ընտանիքի հայրը մի քանի օրով վերադարձել է արտագնա աշխատանքից, ապա նորից մեկնել Ռուսաստան, գումար է պետք՝ ապրելու համար:

«Եթե աշխատանք լիներ Հայաստանում, կամ բարձր աշխատավարձ, ապա մենք այս վիճակին չէինք լինի: 1990 թվականից հետո տուն, կամ բնակարան կառնեինք, կմնայինք, իսկ հմի ամուսինս հազիվ հացին է հասցնում»,-ասում է տիկին Անժիկը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս