Հայտնի պատգամավորը հարվածել է Արդարադատության պալատի կին աշխատակցին
Լիբանանում խոշոր սկանդալ է հասունանում. Լիբանանի Խորհրդարանի հայտնի պատգամավոր Նիկոլլա Ֆատուշը հարվածել է Արդարադատության պալատի կին աշխատակցին այն բանից հետո, երբ երեկ առավոտյան պատգամավորը մտել է Գանգատների գրանցման բաժին և փորձել առանց հերթի դիմում հանձնել: Բաժնի աշխատակից Մանալ Թաուն ասել է, որ այդ պահին զբաղված է և պետք սպասել:
Նիկոլլա Ֆատուշը, որ Լիբանանում հայտնի է իբրև խոշոր դրամատեր-պատգամավոր, մոտեցել է աշխատակցուհուն, զայրացած հարցրել՝ գիտե՞ս ես ով եմ և ստանալով «ոչ» պատասխանը՝ ուժգին հարված է հասցրել կին աշխատակցի վզին: Այնուհետև Նիկոլլա Ֆատուշը թիկնապահների հետ հեռացել է Արդարադատության պալատից:
Լիբանանի իրավապահ մարմինները մինչև հիմա դեպքի առնչությամբ քայլ չեն ձեռնարկել, պետական կառույցները, այդ թվում Խորհրդարանը հանդես չեն եկել դեպքը դատապարտող հայտարարությամբ: Փոխարենը Լիբանանի ակտիվիստները բողոքի հայտարարություններ են տարածել Լիբանանի հանքերի խոշոր սեփականատեր Նիկոլլա Ֆատուշի դեմ՝ դեպքի առիթով մեկ անգամ ևս հանրությանը հիշեցնելով, որ կնոջ վրա համարձակորեն ձեռք բարձրացնող օլիգարխը երկրի բնության հայտնի թշնամիներից է և իր միլիոնները դիզել է անօրինական ճանապարհով:
Հիշեցնենք, որ Նիկոլլա Ֆատուշը Հայաստանի Վիվասել ՄՏՍ-ի բաժնետերերից և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ հիմնադիր-սեփականատիրոջ՝ Փիեռ Ֆաթուշի եղբայրն է: