Արցախում հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանն ու Բակո Սահակյանը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրավերով հոկտեմբերի 19-ին այցելեց Արցախի հարավային հատված: Պատվիրակության կազմում էին կուսակցության վարչության եւ ԱԺ խմբակցության անդամներ:

Ճանապարհին հյուրընկալող կողմի ուղեկցությամբ նրանք այցելեցին Արցախի հարավային թեւի զորամասերից մեկը, որտեղ պաշտպանական բանակի զինվորներին իրենց ողջույնի խոսքը հղեցին Բակո Սահակյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Արաքսավանում Բակո Սահակյանն, ի մասնավորի, շեշտեց Արցախի շենացման ու զարգացման գործում Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի մասնակցության եւ համախմբման կարեւորությունը՝ դա համարելով համազգային խնդիր: Արցախի կառավարության անդամներն իրենց հերթին ներկայացրին Արաքսի հովտի զարգացման ծրագիրը, որին հաջորդեցին այդ ծրագրի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» անդամների հարցերն ու առաջարկները:

Jarangutyun-LXH1

Jarangutyun-LXH

Այնուհետեւ Հովհաննիսյանն իր խոսքում կարեւորեց Հայաստանի եւ ԼՂՀ քաղաքական ուժերի միջեւ սերտ գործակցության անհրաժեշտությունն ինչպես Արցախի ճանաչման, երկու հայկական պետությունների անվտանգության, այնպես էլ նմանատիպ ծրագրերի իրագործմանն աջակցելու գործում: Ծրագրեր, որոնց միջոցով Արցախը, ըստ Հովհաննիսյանի, կդառնա տնտեսապես մրցունակ, իսկ բանակը՝ ավելի մարտունակ. «մի խոսքով՝ ծաղկող այս երկրամասում մարդն ու հողը ներդաշնակորեն կփոխլրացնեն իրար»: Ամփոփելով խոսքը, Րաֆֆին հավաստիացրեց, որ «Ժառանգությունն» իր մասնակցությունն է ունենալու այս ազգանվեր գործում:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս