Մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն իրական իշխանափոխությունից հետո (տեսանյութ)

Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ ՄԻՊ-ի 2013թ. զեկույցն ակնհայտի արձանագրում է, մասնավորապես՝ Մարտի 1-ի էջը փակված չէ, քանի որ մինչ օրս բացահայտված չեն Մարտի 1-ի հեղինակները: Այս ֆոնին Ն.Փաշինյանը չափազանց տարօրինակ անվանեց ասուլիսում Աղվան Հովսեփյանի հայտարարությունը, թե՝ «դուք չարեչար սխալվում եք, որ Մարտի 1-ի գործով ոչ մի բացահտում չկա, Մարտի 1-ի բոլոր բացահայտումները իրականացված են»:

«Լավ, խնդիր չկա, ուրեմն՝ թող կանգնի հանրության առաջ ու ասի՝ ո՞վ է սպանել Գոռ Քլոյանին, ո՞վ է սպանել Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին, Դավիթ Պետրոսյանին, Հովհաննես, Հովհաննիսյանին, Գրիգոր Գևորգյանին, Զաքար Հովհաննիսյանին, Սամվել Հարությունին, Համլետ Թադևոսյանին, Տիգրան Աբգարյանին»,- ասաց Ն.Փաշինյանը՝ նշելով, որ Ա.Հովսեփյանը նաև անմիջապես հավելել է, թե իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան խոչընդոտներ հենց տուժողների կողմից: Սակայն, ըստ պատգամավորի, ամբողջ ՀՀ և միջազգային հանրության համար Մարտի 1-ի բացահայտումը սպանություններն են:

Ն.Փաշինյանը նշեց Մարտի 1-ի բացահայտումներից ամենաբնորոշներից մեկը. «Իմ համեստ անձին վերագրում էր գերբնական հատկություններ, որ կարող եմ հատուկ բառերի օգտագործմամբ մարդկանց գցել հոգեխանգարմունքի մեջ, ու այդ բառերն են՝ հայրենիք, ընտանիք: Շատ մեծ է գայթակղությունը՝ ասելու, որ այսպես կարող են ասել միայն անհայրենիք մարդիկ, բայց զերծ կմնամ»:

Պատգամավորի խոսքով՝ ովքեր ծանոթ են Ա. Հովսեփյանին, չեն զարմանա, որովհետև Հենրիկ Խաչատրյանի սպանության ժամանակ Աղվան Հովսեփյանը «բոլոր բացահայտումները իրականացրեց ու դարձավ ՀՀ գլխավոր դատախազ»:

Ըստ նրա՝ հանրությունը համաձայն էր, որ դատախազության աշխատակից է սպանել Հ.Խաչատրյանին, բայց համաձայն չէր, որ սպանողի ազգանունը Կարապետյան է, իսկ Արծրուն Մարգարյանի սպանությունը Ա.Հովսեփյանը բացահայտեց որպես «երկու կրակոցով ինքնասպանություն»:

Ն.Փաշինյանը հիշեցրեց, որ Հենրիկ Խաչատրյանի, Արծրուն Մարգարյանի, Վահրամ Խորխոռունու սպանությունների ժամանակ Սերժ Սարգսյանը եղել է ԱԱԾ պետ և առաջնային պատասխանատվություն է կրել. «Սերժ Սարգսյան-Աղվան Հովսեփյան տանդեմի գործունեության ուսումնասիրությունից տեսնում ենք, որ այդ ժամանակ սպանվել են ԱԺ նախագահ, վարչապետ, գլխավոր դատախազ, օպերատիվ հարցերով նախարար, ԱԺ երկու փոխնախագահներ, ներքին զորքերի հրամանատար, ՊՆ փոխնախարար: Ցանկը կարելի է շարունակել»:

Ն.Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ 2008թ. Մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն իշխանափոխությունից հետո, ընդ որում՝ իրական իշխանափոխություն, ոչ թե իշխանության տրանսֆորմացիա: Պատգամավորը շեշտեց, որ ոմանք համարում են ռեալ պոլիտիկ, քաղաքագիտական վելուծություն են իրականացնում, բայց ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել և բոլորը պետք է հիշեն, որ արդարադատությունը մի օր կթակի իր դուռը:

Տեսանյութեր

Լրահոս