Զարուհի Փոստանջյանին թույլ չտվեցին խոսել (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանի բացման ժամանակ խորհրդարանի օրակարգի վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի զեկույցից հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ուրբաթ օրը երեկոյան, ոչ աշխատանքային ժամին հրապարակվել է դատական մի վճիռ, որով հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետությունում նորից կան քաղաքական հայացքների համար ձերբակալված ու դատապարտված մարդիկ:

Սակայն ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդհատեց նրան. «Սա կանոնակարգի հետ կապ չունի, կա հայտարարությունների ժամ»: Շարմազանովը նկատեց, որ այս դեպքում իրեն չեն կարող մեղադրել Փոստանջյանի խոսափողն անջատելու մեջ ու կարգադրեց անջատել այն:

Առանց խոսափողի Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր «քննարկվելու է ՄԻՊ զեկույցը և Գ.Սահակյանը պարտավոր է…»: Պատգամավորի ձայնն այլևս չլսվեց:

Քիչ անց Զ.Փոստանջյանը կրկին ձայնի իրավունք վերցրեց ու խնդրեց Գ.Սահակյանին պարզաբանել, թե Շանթ Հարությունյանի դատապարտման հարցն ինչպես կապ չունի օրակարգի հետ, եթե դրանում ներառված է ՄԻՊ զեկույցը ու նշեց, որ Սերժ Սարգսյանը նախքան վճռի արձակումն անթույլատրելի հայտարարություն էր արել դատապարտման անհրաժեշտության վերաբերյալ. «Սերժ Սարգսյանը՝ ձեր ղեկավարը, հայտարարություն է արել մինչև դատապարտման դատավճիռ արձակելը: Ինչո՞ւ եք խուսափում պատասխանելուց, ինչո՞ւ եք խուսափում պատգամավորի հարցերին պատասխանել»:

«Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն է, այդ դեպքում նաև ձեր նախագահն է, ՀՀ քաղաքացիների նախագահն է: Բազմաթիվ հնարավորություններ ունենք նման հարցերը քննարկելու, բայց ոչ օրակարգերի հարցերը քննակելիս»,- հակադարձեց Գ.Սահակյանը:

«Սերժ Սարգսյանը ձեր խմբակի ղեկավարն է»,- իր հերթին հակադարձեց Զ.Փոստանջյանը, բայց նրան այլևս թույլ չտվեցին խոսել:

«Ես բազմիցս նշել եմ՝ սա պառլամետ է և պետք է խոսել պառլամենտական բառապաշարով: Իմ ուշքը չի գնում ձեր խոսափողն անջատել»,- պատգամավորին դիմեց Է. Շարմազանովը և կոչ արեց կոռեկտության:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս