«Անվերջ սպառազինվելով՝ խաղաղության ջատագով ներկայանալ հնարավոր չէ». Նաղդալյանը՝ Մամեդյարովի հայտարարության շուրջ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխանում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին
– Տիկին Նաղդալյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարեց, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել Խաղաղության մեծ ծրագրի համար պահանջվող աշխատանքները: Ի՞նչ է սա նշանակում. նոր գործընթացի սկի՞զբ, թե….
– Կարծում եմ, որ սա նույն ռազմավարությունն է, որ Ադրբեջանը ընտրել և իրականացնում է արդեն մի քանի տարի տարբեր միջազգային ձևաչափերում և հարթակներում, այսինքն՝ բոլոր հնարավոր ձևերով և պատրվակներով ձերբազատվել խաղաղ կարգավորման սկզբունքների համաձայնեցման գործընթացից, Մինսկի խմբի աշխատանքների տրամաբանական ավարտից և նորանոր առաջարկներով կամ հին առաջարկները նոր «փաթեթավորմամբ» ներկայացնելով՝միջազգային հանրության ուշադրությունից և գնահատականներից թաքցնել խաղաղ կարգավորման գործընթացի գաղափարին՝ իրենց գործողությունների անհամապատասխանությունը՝ նկատի ունեմ ռազմական հռետորաբանությունը, սպառազինվելը և վտանգավոր արկածախնդրությունը: Անվերջ սպառազինվելով՝ խաղաղության ջատագով ներկայանալ հնարավոր չէ և ոչ էլ հնարավոր է՝ իրենց 20 տարվա կարգավորման աշխատանքները կիսատ թողնել ու նոր կետից սկսել: