Odnoklassniki-ի հերթական զոհը. ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով գումար է պահանջել
Վերաքննիչ դատարան է բողոքարկվել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավորի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը: Առաջին ատյանի դատարանը «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալին մեղավոր էր ճանաչել խոշոր չափերով շորթման մեջ՝ դատապարտելով 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, վերաքննիչ դատարանից պաշտպանական կողմը խնդրել է վերաորակել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, որը, ըստ պաշտպանական կողմի, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներին՝ շորթում:
Նախաքննության ընթացքում ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ազատազրկման ձևով «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում, բջջային հեռախոսի մեջ տեղադրված տարբեր հեռախոսահամարներով ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել մի կնոջ հետ, այնուհետև Odnoklassniki.ru սոցիալական կայքում ստեղծել է անձնական էջ, տեղադրել կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ և հիշյալ բջջային հեռախոսով պարբերաբար զանգահարել է կնոջը, նրան արատավորող տեղեկություններ հանդիսացող` նշված նկարները և միմյանց միջև ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները հրապարակելու սպառնալիքով պահանջել է խոշոր չափի՝ 3000 դոլար գումար, սակայն նշված գումարն ուղարկելու փոխարեն՝ կինը բանկային հաշվեհամարին փոխանցել է 400 դրամ: Նախաքննության ընթացքում ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով շորթման համար (ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետ):
Առաջին ատյանի դատարանն իր վճռում նշել է, որ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի և ցուցմունք տվել, որ պատիժ կրելով «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ունեցել է բջջային հեռախոսներ` հեռախոսաքարտերով, որոնցով հեռախոսակապ է հաստատել ծանոթների, բարեկամների հետ: Ընթացքում բջջային հեռախոսով Odnoklassniki.ru սոցիալական կայքում ստեղծել է էջ, որով նույնպես շփվել է ծանոթների և բարեկամների հետ, նաև ծանոթություն հաստատել կայքում գրանցված աղջիկների և կանանց հետ: Նշված կայքում ծանոթացել և շփվել է տուժողի հետ, փոխանակվել են հեռախոսահամարներով ու շփվել նաև հեռախոսով: Ինքը թաքցրել է այն հանգամանքը, որ պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում, և ընթացքում կնոջ հետ մտերմացել են, ով իրեն պատմել է իր անձնական կյանքից և դժգոհել ամուսնուց: Շփման ընթացքում նրա հետ ունեցել են նաև ինտիմ բնույթի զրույցներ, որոնց մի մասն ինքը հեռախոսով ձայնագրել է:
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ ավելի ուշ ինքը կնոջից պարտքով գումար է խնդրել, սակայն նա հրաժարվել է իրեն գումար տալ: Ինքը դրանից զայրացել է, սպառնացել, որ կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի և իր կողմից ձայնագրած զրույցները, նաև Odnoklassniki.ru սոցիալական կայքում ստեղծել է անձնական էջ, որտեղ տեղադրել է կնոջ բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ, և սպառնալով, որ կայքում ծանոթների և բարեկամների շրջանակում կտարածի նաև այդ էջը, նրանից պահանջել է 1000 դոլար գումար:
Կինը համաձայնել է տալ գումարը, իսկ ինքը խոստացել է գումարը ստանալուց հետո էջը ջնջել, իսկ ձայնագրությունները՝ ոչնչացնել: Սակայն հետագայում իմացել է, որ կինը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանությունում: Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալը պնդել է, որ կնոջից Odnoklassniki.ru սոցիալական կայքում իր կողմից ստեղծված էջը ջնջելու, իսկ ձայնագրությունները ոչնչացնելու դիմաց պահանջել է ոչ թե՝ 3000, այլ 1000 դոլար:
Դատարանն իր վճռում նշել է, որ տուժող կինը ցուցմունք է տվել, որ հաճախակի օգտվել՝ Odnoklassniki.ru սոցիալական կայքից և շփվել է հարազատների ու ծանոթների հետ: 2013թ. մարտ ամսից Odnoklassniki.ru սոցիալական կայքում սկսել է շփվել Odnoklassniki.ru սոցիալական կայքում հանդես եկող մի անձնավորության հետ, վերջինիս հետ մտերմացել է, և որոշ ժամանակ անց փոխանակվել են հեռախոսահամարներով ու սկսել են շփվել նաև հեռախոսով:
Անձը հայտնել է, որ բնակվում է Իտալիայում և զբաղվում է ոսկերչությամբ: Չի կարող բացատրել, թե ինչպես են սկսել զրուցել ինտիմ թեմաներով: Զրույցներից մեկի ժամանակ իրեն տեղեկացրել է, որ իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի զրույցները նա ձայնագրել է: Այնուհետև իրենից պարտքով 2000 դոլար է խնդրել, սակայն ինքը հայտնել է, որ չի կարող գումար տալ, խնդրել է նաև այլևս իրեն չանհանգստացնել, իրենք վիճաբանել են, և նա շուրջ 4 ամիս իր հետ կապ չի հաստատել:
Մի օր զանգահարել են ամուսնուն, խնդրել հեռախոսը փոխանցել իրեն: Ինքը՝ հասկանալով, որ զանգահարողն այն անձն է, ում հետ շփվել է,անջատել է հեռախոսը: Նա կրկին զանգահարել է ամուսնու հեռախոսահամարին և հայտնել, որ ինքը նրա սիրուհին է: Ամուսինը բարկացել և ժամադրել է նրան, գնացել է նաև ժամադրության վայր, սակայն այդ անձը չի եկել: Դրանից 2 օր անց այդ անձը զանգահարել է իր հեռախոսահամարին, պատճառաբանել է, թե վերադարձել է Հայաստան և ինչ-որ պատմության մեջ է ընկել և իրենից պահանջել է 3000 դոլար:
Երբ ինքը պատասխանել է, որ չի կարող նրան գումար տալ, անձը սկսել է իրեն սպառնալ, որ եթե այդ գումարը չտա, ապա ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները կուղարկի իր որդիներին և ամուսնուն: Այնուհետև իրեն հայտնի է դարձել, որ Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ստեղծվել է էջ, որտեղ տեղադրված են եղել իր բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ, և, որ այդ էջը ստեղծել է անձը, ում հետ ինքը խոսել է:
Վերջինս սկսել է զանգահարել իր հեռախոսահամարին և ունեցածը կայքում գրանցված իր հարազատների ու ընկերների շրջանում տարածելու ու այլ սպառնալիքներով կրկին պահանջել է 3000 դոլարը: Ինքը հայտնել է, որ այդքան գումար չի կարող հայթայթել, և այլընտրանք չունենալով՝ սկսել է սակարկել պահանջվող գումարի չափը, ժամանակ հայցել և խնդրել ջնջել իր անվամբ Odnoklassniki.ru սոցիալական կայքում ստեղծված, պոռնկագրական բնույթի լուսանկարներ պարունակող էջը: Միաժամանակ ինքն իրենց հեռախոսազրույցների մի մասը ձայնագրել է, տեղի ունեցածի մասին պատմել է ամուսնուն և հաղորդում է տվել ՀՀ ոստիկանությունում:
Այդ անձը կրկին զանգահարել է իրեն ու հետաքրքրվել, թե որքան գումար է հայթայթել, ինքը հայտնել է, որ դեռևս ճարել է 1000 դոլարը: Վերջինս իրեն բացատրել է, թե ինչպես պետք է այդ գումարը փոխանցվի իրեն: Իր հեռախոսահամարին ուղարկել է հաղորդագրություն` մի կնոջ անձնագրային տվյալները, պահանջել է գումարը փոխանցել նրա անվամբ: Ոստիկանության աշխատակիցների հետ համագործակցելով, ինքը նշված գումարի փոխարեն փոխանցել է 400 դրամ և նույն օրն էլ տեղեկացել, որ գումարը ստանալու պահին ոստիկանները բռնել են կնոջը, ինչի արդյունքում պարզվել է, որ անձը «Կոշ» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալ է: