Բաժիններ՝

«Իսկանան արվեստը ՎԵՐԵՎԻՑ է գալիս». Արթուր Իսպիրյան

Qahana.am կայքի այսօրվա զրուցակիցը արվեստագետ Արթուր Իսպիրյանն է, ով փաստում է, որ արվեստն առանց հավատքի ոչինչ չարժե և անհաջողության է մատնված…

– Հաճախ ե՞ք եկեղեցում լինում:

– Յուրաքանչյուր կիրակի օր անպայման եկեղեցի եմ այցելում: Դեռ մանկության տարիներից միշտ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի եմ գնացել, քանի որ հենց այդ եկեղեցին էր մեր տանը մոտ: Նույնիսկ ժամանակին կամավոր գնում, օգնում էի որոշ հարցերում՝ հավաքում էի մոմերը, փոշիներն էի մաքրում…

– Յուրաքանչյուր կիրակի այցելում եք եկեղեցի հատուկ Սուրբ Պատարագին մասնակցելո՞ւ նպատակով:

– Այո…

Փորձե՞լ եք ձեր մասնագիտական փորձն օգտագործել եկեղեցում՝ Պատարագ երգելով:
Դա իմ երազանքն է: Ես ամբողջ ընթացքում հետևում և քահանայի հետ երգում, կրկնում եմ: Հուսամ՝ մի օր կսովորեմ ու կերգեմ… Բայց, ի դեպ ասեմ, Տեր Թովմա քահանա Անդրեասյանը իմ մտերիմ ընկերն է ու հայերեն գրեթե բոլոր երգերիս բառերն ինքն է գրել: Շատ խորիմաստ, արդիական է գրում և այդ երգերը ես միշտ մեծ հաճույքով եմ կատարում:

– Այսօր որքանո՞վ է ամուր եկեղեցի-հասարակություն հարաբերությունը:

– Ես թեթև պատնեշ եմ տեսնում եկեղեցի-հասարակություն հարաբերություններում… Պատճառն այն է, որ օգտվելով ժողովրդի սոցիալական վիճակից՝ շատ աղանդներ են ներխուժել Հայաստան: Դրանք շատ են խանգարում, մոլորեցնում մեր երիտասարդներին: Եկեղեցու քարոզչությունը պետք է ավելի ուժեղանա, ավելի հասանելի ու հասկանալի լինի… Երիտասարդների մի խումբ կա, որ եկեղեցու մասին շատ քիչ բան գիտի: Իրենց թվում է, որ եկեղեցի հաճախում են միայն մոմ վառելու համար: Դպրոցներից, նույնիսկ մանկապարտեզներից պետք է սերմանել սերը դեպի եկեղեցին և հավատքը: Իմ երեխաները դպրոցական են, կցանկանայի տեսնել, թե ինչպես են իրենց մանկական լեզվով Աստվածաշունչ բացատրում…

– Պարոն Իսպիրյան, չանտեսենք այն կարևոր փաստը, որ երեխայի առաջին դաստիարակը, ուսուցիչը ընտանիքն է… Ինքներդ հոգևոր ուսուցչի դերը որքանո՞վ եք ստանձնում:

– Իմ երեխաները մեծացել են հոգևոր պատմություններ լսելով, ֆիլմեր դիտելով… Մինչև «Հայր մեր» աղոթքը չեն ասում, չեն քնում: Նրանց մեջ ՍԵՐ ենք սերմանում. սեր դեպի կենդանիները, բնությունը, ընկերները, մարդիկ… Իմ երեխաները շատ խղճով են: Կարծում եմ՝ խիղճը շատ բան է ասում հավատքի մասին…

– Հրաշքների ականատես եղե՞լ եք կյանքում:

– Իմ կյանքում շա՜տ հրաշքներ են եղել, բայց դրանց մասին բարձրաձայնել չեմ ցանկանա: Միշտ իմ թիկունքում զգացել եմ այդ ուժը: Հոգեպես շատ ծանր վիճակներում եմ եղել, բայց ամենածայրահեղ վիճակում միշտ Աստված օգնել է, միանգամից ուշքի եմ եկել ու ասել՝ դու ապահով ձեռքերում ես ու երբեք հույսդ չկտրես…Առ այսօր Աստված պահապան է ինձ և իմ ընտանիքին:

– Երբ մարդու մեջ թուլանում է հոգևոր արժեքը, հավատքը, դա ինչի՞ կարող է հանգեցնել:

– Այն բոլոր բացասական բաներին, ինչը տեսնում եք շրջապատում, աշխարհում. խուլիգանություն, հանցագործություն, ագահություն… Այն մարդն, ով ունի հավատք և խիղճ, երբեք նման բան չի անի… Ինձ թվում է, մեր պետական այրերի մեջ է հավատքը շատ պակասել, ովքեր ավելի շատ փողին, քան Աստծուն են հավատում: Բայց Աստված բոլորին հնարավորություն է տալիս…

– Ասում են ստեղծագործող մարդուն, արտիստին, կրոնը խանգարում է…

– Համաձայն չեմ… Առանց հավատքի արվեստ չկա: Աշխարհի բոլոր երաժիշտներն էլ առանց հավատքի մոլորված են, նրանց արվեստը չի ստացվի, ստեղծագործելու ձիրքը կկորչի… Իսկանան արվեստը ՎԵՐԵՎԻՑ է գալիս…

– Ձեր որոշ գործընկերների անուններ երբեմն կապում են այս կամ այն աղանդավորական շարժման հետ: Ինչո՞ւ են ընտրում այդ ուղղությունը…

– Ես էլ եմ նման խոսակցություններ լսում երբեմն, բայց ոչինչ ասել չեմ կարող, քանի որ համոզված չեմ… Գուցե ասեկոսենե՞ր են… Ամեն դեպքում, որքան էլ ինձ համար տհաճ կամ անցանկալի է, այսօր իրենք հասուն մարդիկ են, որոշում են կայացրել ու ես այդ ամենին խառնվելու իրավունք չունեմ… Կյանքն ամեն ինչ ցույց կտա: Եթե իսկական հայ են, մի օր կարթնանան իրենց քնից և կզգան, որ սխալ ճանապարհով են գնացել… Հայի հավատքը երբեք չի մեռնի…

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս