ԼՂՀ ԱԳՆ-ն բացասական է գնահատում «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույցը
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանները Tert.am-ի հարցերին
– Ինչպե՞ս կմեկնաբանեք «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում ընդունված որոշումը։
– Բացասական ենք գնահատում «Բռնության սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» անվանումով զեկույց պատրաստելու մասին ԵԽԽՎ-ում օրերս ընդունված որոշումը։ Այն, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ընդունված 2005 թ. թիվ 1416 բանաձևը, որը նույնպես պարունակում էր անթույլատրելի ձևակերպումներ, կրելով զուտ քարոզչական բնույթ, ամբողջովին տեղավորվում են Ադրբեջանի կողմից որդեգրված քաղաքականության մեջ՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խափանմանը։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքական ազդեցություն նշված զեկույցը և նրա հիման վրա պատրաստվելիք բանաձևը չեն կարող ունենալ, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջազգայնորեն, այդ թվում նաև ԵԽԽՎ-ի կողմից ընդունված միակ ձևաչափն է, որը զբաղվում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ։
– Հնարավո՞ր եք արդյոք համարում ԵԽԽՎ զեկուցողի այցը Արցախ։
– Եթե զեկուցողը պնդում է իր մտադրության մասին՝ պատրաստելու անկողմնակալ զեկույց, ապա տրամաբանական է, որ նա պետք է այցելի Արցախ։ ԼՂՀ իշխանությունները նրա այցի հետ կապված որոշում կընդունեն համապատասխան դիմումի առկայության դեպքում։
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն