ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է Լոռու մարզի ՀԿ-ների հետ ՀՔԱ Վանաձորի գրասենյակում
2014 թ. հոկտեմբերի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում Լոռու մարզի հասարակական կազմակերպությունները հանդիպեցին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի ՀՀ-ում հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Պավլյուկը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմի ներկայացուցիչներ Քրիստինե Մարդիրոսյանը, Ջեննիֆեր Փոինսոտ և Բոյանա Ուռումովան:
Մոտ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեց և ներկայացվեց մարզում, ինչպես նաև հանրապետությունում տղամարդկանց և կանանց հավասարության, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի իրականացման իրավիճակը, Հակախտրականության օրենքի ընդունման հետ կապված խնդիրները: Անդրադարձ կատարվեց դատական իշխանության խնդիրներին, արդարադատության իրավիճակին: Հասարակական կազմակերպությունները ներկայացրեցին մի շարք խնդիրներ՝ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի, մասնավորապես մահացությունների, վատ վերաբերմունքի դեպքերով քննության վիճակի, ոստիկանության բաժններում քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավական պաշտպանվածության հնարավորությունները:
Անդրադարձ կատարվեց ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերով արդյունավետ քննության պրակտիկային: Եվրոպայի խորհրդի հանձնակատարը պատրաստակամություն հայտնեց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն նաև կոնկրետ հարցերի լուծման ուղղությամբ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ