Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տիկին Ռիտա Սարգսյանի և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, օտարերկրյա մի շարք այլ դեսպաններ, Սոպոտի քաղաքապետ Յացեկ Կորնովսկին և Սոպոտի պետական պատկերասրահի տնօրեն Զբիգնև Բուսկը: Հայաստանի և Լեհաստանի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող ցուցահանդեսում ներկայացվել են նկարչի շուրջ 53 կտավներ ու գրաֆիկական աշխատանքներ:

Փոխադարձ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելու երկու երկրների նախագահների նախաձեռնության շրջանակներում ս.թ. հունիսին Սոպոտի արվեստի պետական պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագրով աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու և Թեոդոր Աքսենտովիչի «Լեհահայ Թեոդոր Աքսենտովիչը» խորագրով ցուցահանդեսների վերնիսաժը:

ՀՀ Նախագահի աշխատակազմ          

 

Տեսանյութեր

Լրահոս