Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը մերժի Սահմանադրական փոփոխությունների առաջարկված հայեցակարգը. «Ժամանակ»

«Ազատություն» ռադիոկայանի և «Ժամանակ» թերթի հարցերին պատասխանում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

– Պարոն Հարությունյան, սահմանադրական փոփոխությունների հետ կապված նախագահին ի՞նչ տարբերակ է ներկայացվել:

– Առայժմ ոչ մի բան չի ներկայացվել, որովհետև Վենետիկի հանձնաժողովի նիստը ամսի 10-ին է: Փարիզում հանդիպում է եղել հանձնաժողովի անդամների հետ, որոշ նկատառումներ ներկայացրել են:

– Ապրիլին ներկայացված նախնական նախագծի համեմատ ինչ-որ փոփոխություններ եղե՞լ են:

– Որոշակի փոփոխություններ լինելու են, բայց դա հստակ կլինի ամսի 10-ի քննարկումից հետո, որովհետև հանձնաժողովում դրանք չեն քննարկվում: Մենք ունենք դիտողություններ, ունենք նկատառումներ, թե ինչպիսին կլինի հանձնաժողովի վերաբերմունքը` կպարզվի ամսի 14-ին, իսկ 15-ին նախագիծը կներկայացնենք:

– Խորհրդարանական կառավարման տարբերակը մնո՞ւմ է փոփոխությունների նախագծում:

– Այնտեղ ներկայացվում է որպես այլընտրանք, շեշտվում է, որ դա առաջին հերթին քաղաքական ընտրություն է: Մասնագիտական հանձնաժողովը ինքն իր վրա չի վերցնում ասելու` սա արեք կամ նա արեք: Ասում է հետևյալը` եթե քաղաքական ընտրությունը կանգ կառնի այս կամ այն տարբերակի վրա, ապա այս պարագայում հնարավոր լուծումներն ու բարեփոխումները կարող են ընթանալ այս ուղղությամբ: Եվ փարիզյան քննարկումների ժամանակ Վենետիկի հանձնաժողովի նախնական կարծիքում նույնպես հնչեցվեց այդ գաղափարը, որ կան հարցեր, որոնք քաղաքական բաղադրիչ են պարունակում:

– Քաղաքական բաղադրիչ ասելով՝ ի՞նչ նկատի ունեիք:

– Վենետիկի հանձնաժողովի անդամները առաջին հերթին շեշտել են, որ կառավարման ձևի ընտրությունը քաղաքական լուրջ բաղադրիչ է:

– Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների մեծ մասը պետական պաշտոնյաներ են: Նրանք կարո՞ղ են անկախ նախագիծ մշակել և չկրել իշխանությունների ազդեցությունը:

– Դուք պետք է տարբերեք հայեցակարգն ըստ էության և կոնկրետ փոփոխությունները, որոնք կառաջադրվեն: Օրինակ՝ ես կարծում եմ, որ եթե որևէ տարբերակ ընտրվի և հավանություն տրվի՝ ես չեմ բացառում նույնիսկ, որ հանրապետության նախագահն ասի, թե ես ձեր այս հարցադրումները չեմ ընդունում, և պետք է հայեցակարգի նոր տարբերակ մշակել, ու ձևավորվի բոլորովին այլ հանձնաժողով: Ամեն ինչ հնարավոր է: Բայց եթե նույնիսկ այս տարբերակն ընտրվի, ես կառաջարկեի, որ հանձնաժողովի կազմն ընդլայնվի՝ ներգրավվեն շահագրգիռ կազմակերպություններ, ովքեր կմասնակցեն քաղաքական քննարկումներին, մասնագետ մարդիկ:

– Կուսակցությունները նույնպե՞ս ներգրավվեն, ոչ իշխանական կուսակցությունները:

– Նաև կուսակցություններից, բայց որ լինեն մասնագետներ, որպեսզի մասնագիտական քննարկում լինի: Ես հարյուրավոր անգամ իմ գրքերում ու հոդվածներում գրել եմ, որ սահմանադրությունը, մեծ հաշվով, հանրային համաձայնություն է կենսագոյի հիմնական աժեքների շուրջ: Եվ մենք փորձել ենք նաև հայեցակարգում նշել: Այսինքն` պետք է լայն քննարկումներ լինեն, ոչ թե նայել սև ու սպիտակ հարթության վրա:

– Բայց, ըստ էության, մեկ տարբերակ կա՝ խորհրդարանական հանրապետության տարբերակը:

– Այլընտրանքը գործող համակարգն է: Հնարավոր է նաև քաղաքական հարթության վրա քննարկումները բերեն այն եզրակացության, որ ոչ թե այս տարբերակն ենք ընտրում, այլ խորհրդարանականի այս տարբերակները: Կամ անցում ենք կատարում ընդհանրապես նախագահական կառավարման համակարգին, և այս դեպքում պետք է նոր հայեցակարգ մշակվի: Դուք չպետք է հարցին մոտենաք այնպես, որ հանձնաժողովը առաջարկում է մի տարբերակ և ասում է` ընտրում եք՝ ընտրեք, չեք ընտրում՝ դուք գիտեք: Մենք ասում ենք՝ այսօր կան սահմանադրական լուծումներում իրավական հարթության վրա այսպիսի բացեր, որոնք պետք է հաղթահարել: Հաղթահարման ճանապարհները մենք տեսնում ենք սրանցով՝ այս դեպքում այս չափով կհաղթահարվի, այս դեպքում` այսքան: Խնդրեմ՝ քննարկեք: Ես դեմ կլինեմ, եթե փորձ արվի ընդհանրապես առանց քաղաքական քննարկումների, առանց տարբեր կարծիքները ճիշտ համադրելու` ասենք, թե սա է, և գնացեք սրանով նախագիծ մշակեք: Եվ երկրորդ՝ եթե ես շարունակեմ մասնակցել այս գործընթացներին, առաջարկելու եմ, որ հետագա փուլերում յուրաքանչյուր բաժնի վերաբերյալ դարձյալ մանրամասն քննարկումներ լինեն, որովհետև կոնկրետ խնդիրների դեպքում շատերը մի նախադասության մեջ տարբեր բաներ են հասկանում:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս