«Հայազն» կուսակցությունն առաջարկում է նոր ընտրական համակարգ (տեսանյութ)
«Հայազն» կուսակցությունը դեկտեմբերին կազմակերպում է Քաղաքական խորհրդի ընտրություններ:
Քաղաքական խորհուրդը գործիչների այն խումբն է, որին «Հայազնի» անդամները և համակիրները կվստահեն հանդես գալ իրենց անունից հավաքական քաղաքական դիրքորոշումներով և հանրությանը ներկայացնել ազգային-պետական ճգնաժամը հաղթահարելու հեղափոխական ծրագիր:
Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախօրյակին ընտրված քաղաքական խորհուրդը կգլխավորի «Հայազնի» կամ «Հայազնի» մասնակցությամբ ազգային հեղափոխության ճակատի թեկնածուների ցուցակը, Ազգային հեղափոխության մանդատ կհայցի հայ ընտրողից և կառաջնորդի նրա պայքարը հանուն նոր` իսկապես ազգային պետության:
Քաղաքական խորհրդի ընտրությունը ուղղակի է, տարեկան պարբերականությամբ և վարկանիշային քվեարկությամբ: Դրան որպես ընտրողներ և թեկնածուներ մասնակցելու են ոչ միայն «Հայազն» կուսակցության բոլոր անդամները, այլև նախապես արձանագրված համակիրները` կուսակցականներին հավասար պայմաններով:
Քաղաքական խորհրդի ընտրությունը կազմակերպելու է «Հայազն» կուսակցության ղեկավար մարմինը` վարչությունը, որի անդամները չեն կարող ընտրվել քաղաքական խորհրդի կազմում: «Հայազն» առաջիկա համագումարում կսահմանեն թեկնածուների առաջադրման և ընտրողների գրանցման վերջնաժամկետները, ինչպես նաև նախընտրական քննարկումների և քվեարկության կարգերը:
Նախընտրական քննարկումների ընթացքում թեկնածուները պարտավոր են հանդես գալ իրենց ծրագրային առաջարկություններով, որոնք չեն կարող հակասել «Հայազնի» հիմնական գաղափարական սկզբունքներին: Ընտրողները հնարավորություն կունենան ծանոթանալու բոլոր թեկնածուների դիրքորոշումներին, մասնակցելու քննարկումներին:
Ընտրական գործընթացը ֆինանսավորվելու է ընտրողների մասնակցության վճարներով:
«Հայազն» կուսակցություն