Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխություն չի պահանջում

Եռյակի ձևաչափով մարզերում և հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքները երկխոսություն են ժողովրդի հետ: Այսօր այս մասին ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ պետք է ստանան ժողովրդի աջակցությունը և հետո որոշեն քաղաքական օրակարգը:

«Մենք կողմ ենք խորքային, արմատական փոփոխությունների, եթե դրա մեջ մտնում է նաև իշխանափոխությունը, ապա պետք գնալ դրան: Բայց գուցե իշխանությունն ինքն ասի, որ պատրաստ է փոփոխությունների: Մենք կողմ ենք համակարգային փոփոխությունների»,- ասաց Մ.Մելքումյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ չկա որևէ քաղաքական օրակարգ, որը ԲՀԿ-ի համար լինի որպես տաբու, և ԲՀԿ-ն առաջնորդվելու է մարզային հանրահավաքների արդյունքում ձևավորված օրակարգով:

«Նախապես ինչ-որ բան հռչակելը նշանակում է մեզ թուլացնել: Պետք է ճիշտ պահը և ճիշտ ձևը հասունանա: Մենք փոքր երկրում կարողանալու ենք ճիշտ լուծումներ գտնել»,- ասաց Մ. Մելքումյանը՝ հաստատելով, որ իշխանափոխության պահանջ հնչում է հանրահավաքներին:

168.am-ի դիտարկմանը, որ ՀՀԿ-ական պատգամավորները վստահ են, որ Գագիկ Ծառուկյանը չի պահանջել ու չի պահանջի իշխանափոխություն, Է.Վարդանյանը կրկնեց, որ տաբուներ չկան, և երբ կլինի հանրային պահանջ, կլինի ԲՀԿ դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս