Եռյակը չի քննարկել Սերժ Սարգսյանի ճակատագիրը

Իշխանությունը բաց նյարդերով է արձագանքում այս հանրահավաքներին: Նման գնահատական այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հնչեցրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ իշխանությունը խնդիր է դրել  ձախողելու հանրահավաքները, Հրազդանում տասնյակ կանայք էին ուղարկել, որոնք գոռում էին՝ «Սերժ Սարգսյանն է իրենց նախագահը», Սիսիանում գյուղերի բոլոր ճանապարհները փակ էին, Արարատի քաղաքապետը ինչ-ինչ պատճառով մերժել է հանրսհավաք անցկացնելու թույլտվություն տալը: Սակայն, ինչպես նշեց Հակոբյանը, հանրահավաքներում շատ հստակ է՝ ժողովուրդը դրել է իշխանափոխության հարց և շատ կարևոր է, թե հոկտեմբերի 10-ին ինչ իրավիճակ կլինի:

Ռ.Հակոբյանի խոսքով՝ այսօր Արարատում կկայանա հանրահավաքը, վաղը՝ Վանաձորում, ապա Գյումրիում, և վերջինը՝ Երևանի Ազատության հրապարակում.
«Օրակարգում 2 հարց է՝ 12 կետերի գնահատականը կտրվի հանրահավաքի օրը, և սահմանադրական բարեփոխումների հետ կապված: Բայց ավելի ընդգրկուն է օրակարգը, հիմա չեմ մանրամասնի, օրակարգը վերջնական տեսքի կգա, երբ ավարտվեն մարզային հանդիպումները»:

Նա հաստատեց, որ քաղաքական պահանջ կլինի օրակարգում, մասնավորապես՝ իշխանափոխության պահանջը օրակարգում եղել է փետրվարյան ընտրություններից հետո, այժմ ժողովուրդն էլ նման պահանջ է դնում և այն հաշվի կառնվի, բայց կրկին կոչ արեց չշտապել:

Դիտարկմանը, որ Շիրակ ոստիկանապետը տեսակետ է հայտնել, որ Գյումրիում հանրահավաքին մարդ չի լինելու, Ռ.Հակոբյանը պատասխանեց. «Մարդ չի լինելու, ի՞նքն էլ չի լինելու: Օրը կգա, բարին հետը»: Ոստիկանապետի ասածը Հակոբյանը «ոչ համարժեք խոսքեր» անվանեց, և փաստեց, որ երեկ Գյումրին եռում էր. «Ես չգիտեմ ոստիկնապետը ինչ աչքերով է նայում: Երևի ժողովրդի հետ կապ չունի, որ նման հայտարարություն է անում»: Ռ.Հակոբյնաը նաև նշեց, որ եռյակը չի քննարկել Սերժ Սարգսյանի ճակատագիրը:

Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքին, Ռ.Հակոբյանը նշեց, որ ի սկզբանե այս օրենքի հիմքում դրված չէ թե ստվերից գործարարներին դուրս բերելը, այն ուղղված է միայն մանր ու միջին բիզնեսին, խոշորին չի անդրադառնում: Նա չհիշեց, թե «Ժառանգությունը» ինչպես է քվեարկել օրենքին. «Հնարավոր է, որ նույնիսկ կողմ քվեարկած լինենք, բայց դա դոգմա չի, կարող է և սխալվենք»:

Տեսանյութեր

Լրահոս