Վազգեն Մանուկյան. Ավելի շատ զարմացել էի, երբ Սուրիկ Խաչատրյանին հեռացրեցին պաշտոնից, քան երբ նորից նշանակեցին. «Անկախ»
«Անկախ» թերթը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ
– Պարոն Մանուկյան, օրերս կայացավ հանրային խորհուրդների խորհրդակցությունը Կյուրասաոյում: Ի՞նչ հարցեր են քննարկվել ու ի՞նչ եզրահանգումներ են կատարվել:
– Խորհրդակցությունը հիմնականում կապված էր Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծովի հանրային խորհուրդների խնդիրների հետ: Երկու տարին մեկ աշխարհի հանրային խորհուրդների համագումարում ընտրվում է նախագահ, ամեն անգամ` մի տարածաշրջանից: Ամռանը Մոսկվայում աշխարհի հանրային խորհուրդների համագումարի նախագահին ընտրելու են լատինաամերիկյան երկրները: Սա դրան նախորդող հանդիպում էր:
Հիմնական քննարկվող հարցն էր քաղաքացու որակի բարձրացումը և դրա ազդեցությունը տնտեսության զարգացման վրա: Քննարկվում էր Ֆինլանդիայի օրինակը, որտեղ պետությունը հսկայական գումարներ ծախսեց ուսուցիչների պատրաստման և աշխատավարձերի բարձրացման վրա, ինչի արդյունքում ուսուցիչները դարձան ամենահարգված, բարձր աշխատավարձ ստացող խավը: Դա ազդեց կրթության որակի վրա, և Ֆինլանդիան կարողացավ մեծ տնտեսական զարգացում արձանագրել:
Քննարկվում էր նաև, թե հասարակության վստահությունը կամ դրա բացակայությունը երկրում կատարվող բարեփոխումների, երկրի հեռանկարի նկատմամբ ինչպես է ազդում վերջնարդյունքների վրա: Այս թեմաներով քննարկումները դեռ կշարունակվեն հետագայում:
Թվում է, թե բոլորիս համար ընդունելի թեզեր են: Բայց հանդիպումն օգտակար էր նրանով, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ` նախկին նախարարներ ու վարչապետներ, իրենց երկրների վիճակագրությամբ են հիմնավորում այդ թեզերը:
– Դառնանք ներքաղաքական անցուդարձին: Օրեր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով` նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Թուրքիայի կողմից նախապայմանների դեպքում հայ-թուրքական արձանագրությունները գրողի ծոցն ուղարկելու ժողովրդական պահանջի և իշխանությունների մտադրության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը: Որքանո՞վ էր այն տեղին ու ժամանակին:
– Լիովին համաձայն եմ այդ հայտարարությանը: Երբ անցած տարի հանդիպում ունեցա այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, նրա խոսքից տպավորություն ստացա, թե մեզ համար այդ ճանապարհը կյանքի ու մահվան հարց է: Ես էլ նրան ասացի, որ սահմանի բացվելը գուցե մեզ ավելի շատ վնաս է, քան օգուտ: Այս հայտարարությունը պետք էր հերքելու համար Թուրքիայի մտածողությունը, թե իրենք մեզ իրենց բռի մեջ են պահում, կուզեն` կբացեն սահմանը, չեն ուզի` չեն բացի:
Ընդդիմադիր շատ ուժեր առաջարկում էին չվավերացվելու պահին հենց այդ հայտարարությունն անել: Այն ժամանակ դա այդքան հնչեղ չէր լինի. տպավորություն կստեղծվեր, որ Թուրքիայի քայլից նեղացել ենք ու այդպես ենք պատասխանում:
Իսկ հիմա ճիշտ ժամանակն է: Թուրքիայում նոր իշխանություն է ընտրվել, նաև արդեն պարզ է, որ նրանց քաղաքական կուրսը չի փոխվել իշխանության փոփոխությամբ: Այս պարագայում ողջ աշխարհին պարզ է Հայաստանի դիրքորոշումը: Կարծում եմ` ճիշտ ժամանակին ու ճիշտ ելույթ էր:
– Պարոն Մանուկյան, մինչ հանրությունը ոգևորված քննարկում էր նախագահի`ՄԱԿ-ում արած հայտարարությունը, կառավարությունը Սուրիկ Խաչատրյանին նորից Սյունիքի մարզպետ նշանակեց`առաջացնելով հանրության դժգոհությունը: Որքանո՞վ էր տեղին նման նշանակումը: Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նմանատիպ նշանակումները:
– Ցանկացած պետությունում, եթե որևէ պաշտոնյայի անվան շուրջ աղմուկ է բարձրանում, անկախ նրանից` մեղավոր է, թե չէ, կա՛մ ինքն է հրաժարական տալիս, կա՛մ թիմն է նրան հեռացնում, որպեսզի չխանգարի թիմին առաջ գնալ, իշխանությունը պահել և իրականացնել այն քաղաքական ծրագրերը, հանուն որոնց իշխանության են եկել: Այս տեսանկյունից մի մարդու ճակատագիրը դառնում է երկրորդական:
Դեմոկրատական երկրներում դա նաև պայմանավորված է ընտրություններով, քանի որ հանրությունն իր ձայնը չի տա այն ուժերին, որոնց պաշտոնյաները սկանդալների մեջ են ներքաշված: Բայց նույնիսկ ոչ դեմոկրատական երկրներում, եթե մարդու նկատմամբ առաջանում է հասարակական բացասական տրամադրություն, մի կողմ թողնենք, թե որքանով է դա պատճառաբանված, այդ մարդուց հրաժարվում են: Խորհրդային Միությունը դեմոկրատական երկիր չէր, բայց եթե որևէ մեկի մասին ֆելիետոն էին գրում կամ քննադատություն հնչեցնում, նրան անմիջապես հեռացնում էին: Որովհետև ցանկացած իշխանություն, լինի դեմոկրատական, թե ոչ դեմոկրատական, հասկանում է, որ երկիր կարելի է կառավարել միայն այն դեպքում, եթե երկրի իշխանության ու որոշ բարոյական արժեքների նկատմամբ հանրության վստահությունը խախտված չէ, եթե անպատժելիության մթնոլորտ չի ստեղծված: Այս տեսանկյունից, կարծում եմ, նշանակումը չի համապատասխանում իմ ասածներին, դեռ մի կողմ թողնենք Խաչատրյանի անձը, այդ հարցը չեմ էլ ուզում քննարկել:
Բայց, տեսնելով ինչ է կատարվում Հայաստանում վերջին տասնամյակներում, անկեղծ ասեմ, ավելի շատ զարմացել էի, երբ նրան հեռացրեցին պաշտոնից, քան երբ նորից նշանակեցին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: