Ջհանգիրյանը՝ Անդրեասյանին. Բա տենց հուսահատված ո՞նց եք ժողովրդի շահերը պաշտպանելու

«Զգացի, որ հուսահատվել եք: Բա տենց հուսահատված ո՞նց եք ժողովրդի շահերը պաշտպանելու»,- այսօր Ազգային ժողովում նման հարցադրմամբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին դիմեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ մեջբերելով Անդրեասյանի խոսքը, որ դատախազությունը ճնշում է գործադրում ՄԻՊ-ի վրա:

Պատգամավորի խոսքով՝ ՄԻՊ-ը պետք է տարբերակ գտնի, որ խնդիրները լուծի. «Ինձ մտահոգում է Ձեր հոգեվիճակը: Ո՞ւմ եք բողոքում, Դուք ինքներդ պետք է պաշտպանեք մարդկանց»:

«Ես հուսահատված մարդու ո՛չ հոգեվիճակ ունեմ, ո՛չ արտաքին, ո՛չ էլ գործելաոճ: Հուսահատ մարդիկ արտագաղթում են, ամեն ինչի մեջ սև են տեսնում, կամ կործանում են պետական որևէ մի բան: Ես դրանցից ոչ մեկը չեմ անում: Ես տառացի մեկնաբանում եմ սահմանադրական մարմնին ու ԱԺ մեկնաբանությունները: Ինձ տրված չէ որևէ մարմնին որևէ բան հարկադրելու իրավունք: Սա ոչ թե միայն օրենքի սխալ ընկալում է, այլև անարդար է ասել, թե ինչի ես դիմում ԱԺ-ին, որ օգնես մարդկանց,- հակադարձեց Կ.Անդրեասյանը և հավելեց,- Հուսահատ մարդիկ էսքան չեն պայքարում, իսկ ես պայքարելու եմ ի հեճուկս ընդդիմադիրների և իշխանության, և ի հեճուկս բոլորի պայքարելու եմ»:

Տեսանյութեր

Լրահոս