Զարուհի Փոստանջյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. Տեսաժապավեն կա, թե ինչպես է կաշառք փոխանցվում «Մարիոթ» հյուրանոցում (տեսանյութ)
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր քաղաքացուց ստացված նամակ ընթերցեց Զարուհի Փոստանջյանը: Նամակը վերաբերում էր Սյունիքի մարզպետի պաշտոնի «մրցույթին», որ «հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը»:
Պատգամավորը նշեց, որ, ըստ նամակի, քրեական աշխարհի հեղինակությունների «սխոդկայում» քննարկվել է տեղեկությունը և նշվել է, որ պաշտոնին հավակնում է Լիսկան, բայց ասվել է, որ «սխոդկան վերջին սպանությունը չի մարսել և դա անհավանական է»:
Փոստանջյանի խոսքով՝ «սխոդկայում» նշվել է, որ նամակի հեղինակ քաղաքացին իր բարձրագույն քրեական կրթությունը ստացել է մի շարք բարձրակարգ քրեակատարողկաան հիմնարկներում, ծառայություն է մատուցել 12-13թթ. համապետական ընտրություններում: Նամակում, ըստ Փոստանջյանի, քաղաքացին բողոքում է մարզպետի նշանակման մրցույթից, որ խախտվել են մրցույթի պայմանները, 47 մլն դոլար կաշառք է տրվել:
«Քաղաքացու մականունը Թակարդ է»,- հավելեց Զ.Փոստանջյանը:
«Կպատասխանի ՀՀ վարչապետը: Երանի ես պատախանողը լինեի»,- դժկամությամբ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Կարող եմ տեղս զիջել, բայց ես էլ կպատասխանեմ, մի անհանգստացեք»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, թե իր իմանալով Զ.Փոստանջյանը իրավաբան է, պատգամավոր է, բայց չգիտեր, որ նա «սխոդկայի» է մասնակցում: Վարչապետը հորդորեց «նման փողոցային խոսակցություն դահլիճ չբերել» և նշեց, որ հարցին արդեն պատասխանել է:
«Փողոցային խոսակցություն չէ: Քաղաքացին նաև պնդում է՝ տեսաժապավեն կա, թե ինչպես է Լիսկան գումար փոխանցում, կաշառք փոխանցում «Մարիոթ» հյուրանոցում: Ասում է, որ դուք խախտել եք մրցույթի պայմանները, ասել եք՝ կաշառք չի լինի, բայց եղել է»,- հակադարձեց Զ.Փոստանջյանը՝ հավելելով, որ թեև Հ.Աբրահամյանը պնդում է, որ իր միանձնյա որոշումն է եղել Ս. Խաչատրյանին մարզպետ նշանակելը, սակայն այդ որոշումը նաև պետք է հաստատվի, այնպես որ՝ կաշառքը միանձնյա չի վերցվել:
Հ.Աբարահմայնը նշեց, որ մարզպետին նշանակում է կառավարությունը և մրցույթ չի հայտարարվում. «Կոռեկտ չեմ համարում, որ պատգամավորները գնում են միտինգների, հայհոյում են նախագահին և վարչապետին»:
Նա կոչ արեց զերծ մնալ «նման լկտի պահվածքից» և շեշտեց, որ պատգամավորը իր արժեքի գինը պետք հասկանա, նման թեմաները պետք է լինեն չափի մեջ, պետք է հարգեն գործադիրին, այլապես օպոնենտ կարող են բերել:
«Ինձ թվում է՝ բժիշկ պետք է կանչենք»,- եզրափակեց Գ.Սահակյանը:
Տեսանյութը՝ tert.am-ի