ՍԴ-ն պետք է ապաքաղաքական լինի, ով որտեղից էլ գա, պարտավոր է գտնվել երդման ներքո. ՍԴ նորընտիր նախագահ

Դուք ինձ ճանաչում եք բավականին երկար, որևիցե եղանակով, որևիցե անձի նկատմամբ, որևիցե ճնշում թույլատրելի չէ, դատապարտելի է և նման որևիցե ազդեցություն չի եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6–ին, ՍԴ նախագահ ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը երկրորդ անգամից միայն ընտվեց ՍԴ նախագահ, և արդյոք եղել են ճնշումներ իրեն ընտրելու համար։

«Մենք ներկայացրել ենք համապատասխան ծրագրեր, պարոն Շաթիրյանը և ես առաջադրվել ենք համապատասխան պաշտոնի համար, և դատարանը գաղտնի քվեարկությամբ որոշում է կայացրել։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտի այս կամ այն կարծիք, մենք, գտնվելով երդման ներքո, պարտավոր ենք առաջնորդվել ՍԴ մասին օրենքով նախատեսված կարգավորումներով և Սահմանադրությամբ և ավելին ես ասել չեմ կարող»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ժամանակին ՔՊ–ն մեղադրում էր, որ Հրայր Թովմասյանը լինելով կուսակցական դարձել է ՍԴ նախագահ, արդյոք նույն խոսակցությունները հիմա չեն լինի նաև իր դեպքում՝ հաշվի առնելով, որ ինքըն էլ եղել է ՔՊ անդամ, Վարդանյանն ասաց. «Ես 15 տարի 7 ամսվա փորձառություն ունեի Սահմանադրական դատարանում։ Չի եղել որևիցե պաշտոն Սահմանադրական դատարանի աշխատակազմում, որը ես չեմ զբաղեցրել՝ սկսած գլխավոր մասնագետից, ավարտված աշխատակազմի ղեկավարով։ Որևիցե պարագայում ծառայողական կամ սոցիալական լիֆտից ես չեմ օգտվել։ Այո, ես եղել եմ պատգամավոր, այո ես եղել եմ կուսակցության անդամ, բայց դատավորի երդումը տալուց հետո յուրաքանչյուրս պարտավորվում է առաջնորդվել տրված երդմամբ և երդման շրջանակներում եմ ես տալիս իմ պատասխանները։

Դատարանը պետք է մնա ապաքաղաքական, դատարանը պետք է մնա սահմանադրի կամքին հետևող, ՍԴ–ն պետք է շարունակի կատարել իր գործառույթները այնպես, ինչպես դա կանխորոշել է սահմանադիրը, այնպես, ինչպես դա սահմանված է սահմանադրությամբ։

Որևիցե քաղաքական հայտարարություն ՍԴ որևիցե անդամի կողմից, որևիցե պարագայում չպետք է դիտարկվել որպես թույլատրելի հայտարարություն։

Ով որտեղից էլ գա, նա պարտավոր է գտնվել երդման ներքո և իրականացնել այն գործառույթները, որոնց համար լիզորվել է սահմանադրությամբ»,–ասաց նա։

Հիշեցմանը, որ ինքն էլ է քննադատել, որ Հրայր Թովմասյանը նախկինում եղել է կուսակցական, ՍԴ նորընտիր նախագահն ասաց. «Ես կարամ շատ բան քննադատեմ և քննադատել եմ և կշարունակեմ քննադատել։ Ես որևիցե իմ խոսքից չեմ հրաժարվում։ Եվս մեկ անգամ ասում է, որ դատարանը չպետք է լինի քաղաքականացված, դատարանը չպետք է լինի կուսակցականացված։

Արդեն մոտ յոթ ամիս է ես զբաղեցնում եմ Սահմանադրության դատարանի դատավորի պաշտոնը, կարա՞ք որևիցե մի հայտարարություն կամ դրվագ բերեք առ այն, որ ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվել կամ քաղաքական կամ կուսակցական գործունեություն եմ իրականացրել։

Իհարկե, կարելի է ամեն ինչ փորձել քաղաքականացնել, կարելի է անընդհատ որոնել սև կատու մութ սենյակում, բայց շատ դժվար է դա անել, երբ այդ սև կատուն մութ սենյակում չկա։

Խնդիրը նախկինում կուսակցական լինել չլինելու մեջ չի, խնդիրը հետևյալի մեջ է. Դու պաշտոնը ստանձնելուց հետո կարո՞ղ ես արդյոք գործել անկախ և անաչառ, թե ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30