ԻՆՔԸ ՈՐՈՇԵՑ. ՀՐԱՆՏԸ ԳՆԱՑ, ԵՍ ՊԵՏՔ Է ՍՈՎՈՐԵԻ՝ ԱՊՐԵԼ ՄԵՆԱԿ. ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
168TV–ի «Ռանդևու»-ի հերթական թողարկման հյուրը դերասանուհի և երգչուհի Իրինա Դանիելյանն է:

Թեթև ու հումորով լի զրույցի ընթացքում նա խոսեց ոչ միայն իր ստեղծագործական ճանապարհի, երգարվեստից հեռանալու և մասնագիտական չիրացված հնարավորությունների, այլև իր անձնական կյանքի ամենաքննարկվող փուլերից մեկի՝ Հրանտ Թոխատյանի հետ ամուսնության և ամուսնալուծության մասին։
Դերասանուհին անկեղծորեն խոստովանեց՝ իր և Հրանտ Թոխատյանի հարաբերությունները սկզբում եղել են զուտ գործընկերային, իսկ տարիներ անց վերածվել են սիրո։
«Սկզբից մենք գործընկերներ էինք, բեմական ընկերներ, աշխատում էինք միասին, հետո ինչ-որ կայծ եղավ, սիրեցինք իրար»,- պատմում է նա։
Սակայն տարիներ անց, ըստ Իրինա Դանիելյանի, հարաբերությունները պարզապես սպառվել էին։
Նա չի փորձում բաժանումը ներկայացնել որպես դրամատիկ գաղտնիք կամ մեկ կոնկրետ մարդու մեղք։ Դերասանուհու խոսքով՝ իրենց ընտանիքը հասել էր այն կետին, երբ համատեղ կյանքն այլևս հնարավոր չէր շարունակել։
«Բաժանվելու պատճառը այն էր, որ մենք սպառվել էինք արդեն։ Ինձ թվում է՝ բոլոր ընտանիքներում էլ լինում է, ուղղակի շատերը դրա մասին չեն խոսում»։
Դանիելյանը նաև խոստովանեց, որ բաժանման պահին սերն ամբողջությամբ չէր վերացել։
«Երևի սեր կար։ Սուտ կլինի, որ ասեմ՝ չկար, բայց ամբողջովին գիտակցում էի, որ դա վերջն է։ Միակ բանը, որ հստակ գիտեի՝ դա էլ կանցնի»։

Ամուսնալուծությունից հետո դերասանուհու կյանքում սկսվել է միանգամայն նոր փուլ։ Նա ասում է՝ բաժանումը դժվար էր, սակայն հետագայում իրեն ավելի ազատ ու ինքնուրույն է զգացել։
«Դրանից հետո ամենալավն է։ Ճամփեքս բացվեց, չակրաներս, ճամփեքս՝ սաղ բացվեց»,- կատակով, բայց բավականին խոսուն ձևակերպմամբ ասում է Իրինա Դանիելյանը։
Միաժամանակ Իրինա Դանիելյանը չի թաքցնում, որ ամենաբարդ խնդիրներից մեկը ֆինանսական և կենցաղային ինքնուրույնությունն էր։
Նա խոստովանում է՝ նախկինում այնպիսի ընտանիքում էր ապրում, որտեղ բազմաթիվ հարցերի պատասխանատվությունը վերցնում էր ամուսինը, իսկ բաժանումից հետո ստիպված էր ինքնուրույն սովորել ամեն ինչ՝ սկսած ֆինանսներից մինչև առօրյա խնդիրների լուծումը։
«Ես այն հայկական դաստիարակությամբ կինն էի, որը չէր մտածում՝ եթե այսօր փող չկա, ինչ կլինի։ Իմ կողքին ամուսին կար, որը դրա մասին կմտածեր։ Հիմա ես եմ դարձել հարց լուծողը»։
Իսկ թե կնոջ համար ո՞րն է ավելի ծանր՝ միայնակ լինե՞լը, թե՞ տղամարդ ունենալը, բայց կողքին իրեն միայնակ զգալը, Իրինա Դանիելյանի պատասխանը միանշանակ էր.
«Միայնակ լինելն ավելի լավ է, քան ունենալ ու զգալ միայնակ»։
Հետաքրքիր էր նաև դերասանուհու անդրադարձն իր մասնագիտական գործունեությանը։ Նա խոստովանեց, որ իրեն, թերևս, այնքան էլ լիարժեք չեն օգտագործել իր ունեցած ներուժի չափով։
«Սերն իմ նկատմամբ ավելի շատ է, քան գնահատվածությունը։ Իմ ունեցած պոտենցիալով, երևի, կարող էի ավելի շատ երևալ, ավելի շատ գործունեություն ունենալ իմ մասնագիտության մեջ»,- նշում է Իրինա Դանիելյանը։
Զրույցի ընթացքում դերասանուհին անդրադարձավ նաև երգարվեստին։ Նա պատմեց, որ երգելն իր կյանքում հայտնվել է բավականին պատահական՝ Արթուր Գրիգորյանի առաջարկից հետո։ Իսկ այսօր կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ այլևս չի երգում այնպես, ինչպես նախկինում։
«Ձայնս կտրվեց, հիմա՝ սուլում եմ»,- ասում է Իրինա Դանիելյանը՝ հերթական անգամ ցուցադրելով իր հայտնի հումորի զգացումը։

Դերասանուհին անդրադարձավ նաև իր մասնակցությամբ նկարահանված հանրահայտ «Մեր բակը» ֆիլմին և չհամաձայնեց այն տեսակետների հետ, թե ֆիլմը նպաստել է հասարակության «դեգրադացմանը»։
Նրա խոսքով՝ ֆիլմը պարզապես ներկայացրել է իրական կյանքը, փողոցում և բակերում ապրող իրական կերպարներին՝ դրանք գեղարվեստական ձևով մատուցելով։
Իսկ զրույցի ամենազավեշտալի ու միաժամանակ ինտրիգային հատվածներից մեկը Հրանտ Թոխատյանի անձնական կյանքի մասին վերջին հարցն էր։
Հետաքրքվեցինք՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հրանտ Թոխատյանի բոլոր կանայք իրար հետ ընկերական հարաբերություններ ունեն։

Իրինա Դանիելյանի պատասխանը հստակ էր.
«Հրանտ Թոխատյանը ճաշակով մարդ է, գիտի՝ ում ընտրի, որ հետո իրար հետ ընկերություն անեն»։

