Ինչու է շլյապայով այս հիստերիկը համառորեն փորձում մեկուսացնել Նարեկին
«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նարեկ Կարապետյանը, շատ երիտասարդների (և ոչ միայն) պես, կարող էր քաղաքականությունից հեռու գտնվել, հանգիստ, ինչպես ասում են` խախանդ կյանքով ապրել: Որևէ մեկը նույնիսկ չի կասկածում` կարող էր նաև այլ երկրներում ապրել ու գործունեություն ծավալել։ Նա իր հայրենիքում տնտեսական գործունեություն էր ծավալում, բիզնես էր անում, արտադրություն ուներ հիմնած, հանգիստ կարող էր անդարդ կյանքով ապրել`շառից ու փորձանքից հեռու: Ինչպես Սամվել Կարապետյանը, որ այսքան քաղաքական հետապնդումների է ենթարկվում Հայ եկեղեցու կողքին կանգնելով: Բայց նա քայլ կատարեց և սկսեց պայքարել այս աղետի դեմ:
Այն, ինչ դեռ մեզ բոլորիս սպասվում է երկրի ներսում գործող այս թշնամական ուժի կատարմամբ, նույնիսկ պատկերացնելի չէ… Ալիևն ատամները սրում է, լայնածավալ զորավարժություններ է անում, ավելի քան 300.000 ադրբեջանցիների բերելուց են խոսում, Հայաստանից նոր տարածքներ են ուզում, իսկ սրանք ճաշարան են բացում, մեյմունություններ անում, մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող Իրանի և Ռուսաստանի դեմ քայլեր կատարում, բանակը բարդակի վերածած` զինվորին ինքնասպանության հասցնում, բիզնեսներ խլում, քաղաքական ընդդիմախոսներին բանտերը լցնում, թուլացնում պետությունը… Շլյապայով այդ հիստերիկը փայլուն նվեր է Էրդողան-Ալիև զույգի համար, նվեր…
Ես շատ ուրախ եմ, որ Նարեկը և նրա սերնդակից շատ երիտասարդներ շարունակում են մուտք գործել քաղաքականություն: Նույնիսկ շարքային ՔՊ-ականներն են իրենց շեֆի կենդանական վախերը հասկանում, մտադրությունները` կարդում:
Այո, բնականաբար, Նարեկն անփորձ էր, բայց արագ տեմպերով փորձ է ձեռք բերում, մեծ ու փոքրի նկատմամբ հարգանքով է շփվում, մանր ու քինախնդիր չէ, հիստերիկ ու անկայուն չէ, աչքը սրա-նրա գրպանին չէ, բոլորի հետ շփվում է դրական էմոցիաներով, երիտասարդներին իր շուրջն է համախմբում, չի վախենում ոչ բանտից, ոչ վախկոտ կենդանու նախաձեռնած քաղաքական որևէ հետապնդումից, նույնիսկ դրա հիստերիաներին ժպիտով ու թեթևությամբ է արձագանքում… Դա, ինչ խոսք, նյարդայնացնում է նրան, սկսում է ինքն իրեն պատերով տալ, ԱԱԾ-ին, Դատախազությանը, ՊԵԿ-ին, Քննչականին քսի է տալիս, ներվային sms-ներ է գրում, հրահանգներ է տալիս… Նա շատ լավ հասկանում է, որ խորհրդարանում Նարեկը չի տրվելու ոչ անձամբ իր, ոչ իր փոքրիկ խմբակի հիստերիկ ճվճվոցներին, ագրեսիային:
Եվ, ամենակարևորը. նա շատ լավ գիտի, որ նույնիսկ իր թիմում` ՔՊ-ում, շատերը միմյանց հետ զրույցներում շատ դրական են արտահայտվում Նարեկի մասին: Իր թիմում հասկանում են` լա՛վ, ինքն իր ընտանիքով, նեղ շրջապատով կփախչի երկրից, բա իրե՞նք, ինչպե՞ս են շարունակելու ապրել Հայաստանում… Նույնիսկ այն հատուկջոկատային տղաները, որոնց դեմքերին գործողություններ անելիս սև դիմակներ կամ կալգոտկաներ են քաշված, հասկանում են` հնարավոր չէ թաքնվել, փոքր երկիր է, բոլորը բոլորին ճանաչում են…
Ինչո՞ւ է այսպես համառորեն փորձում մեկուսացնել Նարեկին: Մտածում է` եթե զրկի անձեռնմխելիությունից, կալանավորի, ապա խմբակցությունը փուլ կգա, կկարողանա որոշներին իրենով անել: Հետևաբար, խորհրդարան մուտք գործելուց առաջ «Ուժեղ Հայաստանի» թիմը սա պետք է լավ հասկանա:

