Վճռորոշ հանդիպում Երևանում. «Արարատ-Արմենիան» հյուրընկալում է Իռլանդիայի չեմպիոնին
Իռլանդական «Շեմրոկ Ռովերսը» ժամանել է Երևան, որտեղ այսօր՝ հուլիսի 21-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում կհյուրընկալվի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային»։
Իռլանդական ակումբի գլխավոր մարզիչ Սթիվեն Բրեդլին նախախաղային մամուլի ասուլիսում նշել է, որ թիմը Հայաստան է ժամանել նախատեսվածից շուտ՝ հաշվի առնելով ժամային տարբերությունն ու շոգ եղանակը։
«Մենք սովորաբար արտագնա խաղերի այսքան շուտ չենք մեկնում, բայց հաշվի առնելով ժամային տարբերությունը, շոգ եղանակն ու այն փաստը, որ նախկինում այստեղ չենք եղել, որոշեցինք ավելի վաղ գալ։ Դա թույլ տվեց ֆուտբոլիստներին հանգստանալ և նորմալ մարզում անցկացնել մարզադաշտում։ Լրացուցիչ օրն այս պարագայում շատ կարևոր էր մեզ համար»,- ասել է Բրեդլին։
Խոսելով մրցակցի մասին՝ «Շեմրոկ Ռովերսի» գլխավոր մարզիչը բարձր է գնահատել «Արարատ-Արմենիայի» խաղամակարդակը։
«Նրանք շատ վտանգավոր են եզրերում, ունեն երկու իսկապես հիանալի եզրային հարձակվողներ և մի քանի որակյալ կենտրոնական կիսապաշտպաններ։ «Արարատ-Արմենիան» լավ թիմ է, որը նախորդ փուլում Ռիգայի դեմ գրանցած արդյունքով շատերին զարմացրեց, սակայն լիովին արժանի էր հաջորդ փուլ դուրս գալուն։ Նրանք երկու հանդիպումներում էլ շատ լավ խաղացին։ Ուժեղ մրցակից է, բայց այս մակարդակում դա միանգամայն սպասելի է»,- ընդգծել է մասնագետը։
Երևան մեկնելուց առաջ դուբլինյան թիմը Իռլանդիայի գավաթի խաղարկությունում լրացուցիչ ժամանակում 4:1 հաշվով հաղթել էր «Կորկ Սիթիին»՝ մեկնարկային կազմում կատարելով միանգամից ինը փոփոխություն։
«Շատ գոհ ենք ցուցադրած խաղից։ Իդեալական կլիներ հաղթել հիմնական ժամանակում, բայց միշտ չէ, որ դա հնարավոր է։ Երիտասարդ ֆուտբոլիստները լիովին օգտագործեցին իրենց հնարավորությունը։ Մեզ անհրաժեշտ է թիմի յուրաքանչյուր խաղացող»,- նշել է Բրեդլին։
«Շեմրոկ Ռովերսը» վերջին տարիներին Իռլանդիայի ամենաուժեղ ակումբներից է։ Թիմը 2025 թվականին դարձել է երկրի չեմպիոն, իսկ ընթացիկ առաջնությունում նույնպես գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողին գերազանցելով յոթ միավորով։ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում իռլանդացիները դրամատիկ դիմակայությունում հաղթահարել են Մալթայի «Ֆլորիանայի» արգելքը՝ արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվելուց հետո սեփական հարկի տակ հաղթելով 5:1։
Իսկ «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի առաջին փուլում դուրս է թողել Լատվիայի «Ռիգային»՝ Երևանում հաղթելով 2:0, իսկ պատասխան խաղում 2:3 հաշվով պարտվելով, սակայն ընդհանուր հաշվով ապահովելով հաջորդ փուլի ուղեգիրը։
Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիա» – «Շեմրոկ Ռովերս» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը՝ ժամը 20:00-ին, ուղիղ հեռարձակումը՝ Առաջին ալիքով։

