Երբ կառավարության պատասխանը կարդում ենք, տեսնում ենք՝ ակնհայտ սուտ են խոսում․․․ լոլոներ են․ Հովհաննես Խուդոյանը՝ ՄԱԿ փորձագետների արձանագրումների ու դրա հետևանքների մասին

«Թեև ՄԱԿ փորձագետների արձանագրումներն իրավական պարտադրանքի էլեմենտ և նույնիսկ վերջնական եզրահանգում չեն պարունակում, սակայն սա էական դիրքորոշում է,- 168am-ի հետ զրույցում «Սրբազան պայքարի» գործով ՄԱԿ-ՀՀ կառավարություն նամակագրությանն անդրադառնալով՝ նշեց իրավապաշտպան, այս գործով՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ուշադրություն հրավիրեց հատկապես հունիսի 12-ի դրվագի վրա,- Այսինքն` նրանց համար առնվազն արժանահավատ են թվացել այն դիտարկումները, որոնք մեր կողմից կատարվել են, և հատկապես այն կտորը, որ հունիսի 12-ին ոստիկանության կողմից ուժի կիրառումը եղել է ոչ իրավաչափ, իսկ ահաբեկչության հոդվածի կիրառումը հակասում է այդ հոդվածի տրամաբանությանը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ը հրապարակել է «Սրբազան պայքարի» գործով Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի վեց մանդատակիրների  միջև պաշտոնական նամակագրությունը փորձագետները կասկածի տակ են դնում ահաբեկչության հոդվածների կիրառումը։

«Քանի որ Մարդու իրավունքների խորհրդի կողմից մեզ տրված մանդատների համաձայն՝ մեր պարտականությունն է պարզաբանել մեր ուշադրությանը ներկայացված բոլոր դեպքերը, մենք շնորհակալ կլինենք ձեր դիտարկումների համար հետևյալ հարցերի վերաբերյալ․

1. Լրացուցիչ տեղեկություններ

Կարդացեք նաև

Խնդրում ենք տրամադրել ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն և/կամ մեկնաբանություն(ներ), որոնք ունեք վերոնշյալ պնդումների վերաբերյալ:

2. Ոստիկանության կողմից ուժի կիրառումը

Խնդրում ենք պարզաբանել՝ արդյո՞ք սույն նամակում նկարագրված՝ խաղաղ ցույցերի մասնակիցների և լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի ենթադրյալ չարաշահման դեպքերը քննվել են միջազգային չափանիշներին համապատասխան, և նշել այդ քննությունների արդյունքները: Խնդրում ենք նաև բացատրել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել դրանց կրկնությունը կանխելու համար, ներառյալ անվտանգության ուժերի համապատասխան վերապատրաստումը:

3. Ձերբակալությունների իրավական հիմքերը

Խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն վերոնշյալ անձանց ձերբակալման, կալանավորման և մեղադրանք առաջադրելու փաստացի ու իրավական հիմքերի մասին և բացատրել, թե ինչպես են այդ գործողությունները համապատասխանում միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորություններին:

4. Ահաբեկչության սահմանումը

Խնդրում ենք նշել, թե ինչպես են «Սրբազան պայքար» (Holy Struggle) շարժման անդամներին առաջադրված ահաբեկչական հանցագործությունների մեղադրանքները համապատասխանում ահաբեկչության սահմանմանը՝ համաձայն միջազգային չափանիշների, ներառյալ օրինականության (օրենքի հստակության) պահանջը:

5. Արդար դատաքննություն և անմեղության կանխավարկած

Խնդրում ենք նշել, թե ինչպես են քրեական վարույթները, ներառյալ գրավի (խափանման միջոցների) սահմանափակումները, բավարարում պատշաճ իրավական ընթացակարգի, արդար դատաքննության և անմեղության կանխավարկածի պահանջներին:

6. Վարչական սահմանափակումներ

Խնդրում ենք բացատրել, թե ինչպես են «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ կիրառված վարչական սահմանափակումները համատեղելի միջազգային իրավունքի հետ, ներառյալ անձնական ազատության, տեղաշարժի ազատության, անձնական կյանքի գաղտնիության, ինչպես նաև միավորումների, խաղաղ հավաքների և արտահայտվելու ազատության իրավունքները:

7. Իրավունքների քրեականացման կանխումը

Խնդրում ենք ներկայացնել այն միջոցառումների շրջանակը, որոնք կձեռնարկվեն խաղաղ հավաքների, միավորումների և արտահայտվելու ազատության, ինչպես նաև պետական գործերի կառավարմանը մասնակցելու օրինական իրավունքների իրականացման ճնշումն ու քրեականացումը կանխելու համար:

8. Քննություն, փոխհատուցում և պատասխանատվություն

Խնդրում ենք նշել, թե ինչ վարչական, օրենսդրական և դատական միջոցներ են ձեռնարկվել կամ կձեռնարկվեն՝ խախտումների վերաբերյալ վերոնշյալ պնդումները քննելու, զոհերի համար արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ ու փոխհատուցում ապահովելու, և հնարավոր հանցագործներին միջազգային իրավունքին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է հանրայնացված նամակում։

Պաշտոնական Երևանը  31 էջով ներկայացրել է պատասխանը՝  վստահեցնելով, որ  հունիսի 12-ի իրադարձությունները չեն եղել բացառապես խաղաղ ցույց։

Վերջինի մասին Հովհաննես Խուդոյանը կարճ արձագանքեց՝ «լոլոներ են, իսկ կոնկրետ այդ ահաբեկչության հոդվածի մասին՝ նույն մեղադրանքը թարգմանել էին անգլերեն և ուղարկել»։

Դիտարկմանը, թե սա արդյո՞ք միջազգային ատյաններում բացահայտում է Փաշինյանի «ժողովրդավարության» մասին իրականությունը, ցույց է տալիս, որ «այն չէ», ինչ ներկայացվում է, իրավապաշտպանն արձագանքեց․

«Շատ ակնհայտ է, որ այն չէ, այլ հարց է, թե տարբեր դերակատարներ իրենց այդ օրվա անձնական կամ իրենց պետական շահերից ելնելով՝ ո՞նց են արձագանքում իրավիճակին։ Թե չէ,  եթե նայենք մաքուր իրավաբանության տեսանկյունից, 1-ին կուրսի ուսանողի համար էլ պարզ է լինելու, որ այստեղ մի բան այն չէ։ Ընդամենը տարբեր միջազգային կազմակերպություններ առաջնորդվում են ոչ միայն իրավաբանությամբ, այլև որոշակի քաղաքական, պետական, իրենց կամ այլ անձանց շահերով։ Դրա համար էլ ոչ միշտ են հասցեագրումները լինում կտրուկ, սուր ու օպերատիվ։ Բայցև, նույնիսկ այդ պարագայում միջազգային ներկայացուցիչները չեն կարող մեր իրավապահների նման, ասենք՝ ասել, որ մածունը սև է»։

Հովհաննես Խուդոյանն ամփոփելով՝ տեղեկացրեց՝ շարունակելու են աշխատանքը։

«Կառավարության պատասխանը որ կարդում ենք, տեսնում ենք՝  ակնհայտ սուտ են խոսում տարբեր բաների մասին։ Մենք դարձյալ մի քիչ դետալացված ներկայացնելու ենք իրականությունը․ օրինակ, երբ  ասում են` տուժողների վերաբերյալ նշանակվել են փորձաքննություններ, բայց ծեծված տուժողին 1 տարի անց են ասել՝ արի գնանք դատական փորձագետի մոտ՝ տեսնենք՝  կապտուկ կա՞, թե՞ չէ։ Ակնհայտ է՝ ձևական թուղթ են սևացնում, որ ապագայում նման պատասխաններ ունենան»,- մանրամասնեց փաստաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031