Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հատուկ ստորաբաժանման ղեկավարի nչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում ոչնչացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման «Նուխբա» հատուկ ստորաբաժանման ղեկավարին։
«Երեկ ՑԱԽԱԼ-ի ուժերը հարված են հասցրել Գազայի հատվածի հարավային մասին և ոչնչացրել Մուհամեդ Աբու Տաիմին՝ ՀԱՄԱՍ կազմակերպության զինված թևի «Նուխբա» ջոկատի ղեկավարին»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունում պնդում են, որ Աբու Տաիմը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Նիրիմ կիբուցի վրա հարձակմանը։ Վերջին շրջանում, ըստ բանակի տվյալների, նա զբաղվել է ՀԱՄԱՍ-ի մարտունակության պահպանմամբ և փորձել է կազմակերպության մեջ նոր անդամներ հավաքագրել։
Իսրայելցի զինվորականները միաժամանակ հայտարարել են, որ հարվածից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար, ներառյալ բարձր ճշգրտության զինամթերքի կիրառումը և օդային դիտարկումը։

