Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգ մասնակցել է «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար»,– ասել է Պապոյանն իր ելույթում։
Նախարարն ընդգծել է, որ ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։

