«Մեզ ո՞վ կթողնի՝ գնանք Նիկոլ Փաշինյանի մոտ, սա ժողովրդավա՞ր է, մեզ չորս կողմից խաբում են, սա՞ է ժողովրդավար». Ակնալիճի վթարային շենքի բնակիչ

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Գառնիկյան 3 շենքի բնակիչները կանգնել են փաստի առջև՝ իրենց 4-րդ կարգի վթարային շենքն օրեցօր փլուզվում է, սակայն ուշադրություն դարձնող չկա։

Շենքի բնակիչներից մեկը՝ Նվեր Խաչատրյանը, 168.am-ին փոխանցեց, որ շենքում բնակվում է 100-ից ավելի մարդ, մեծ մասը երեխաներ են, նրանց բոլորի կյանքին վտանգ է սպառնում։

Նրա խոսքով՝ խնդրի մասին տեղյակ են բոլորը, մինչև անգամ Նիկոլ Փաշինյանը, սակայն բոլորն իրենց խաբում են և հարցին որևէ լուծում չեն տալիս։

Կարդացեք նաև

«1988 թվականին մեզ 48 ժամվա ընթացքում սեյսմիկ ծառայությունն է տարհանել այդ շենքից, քանի որ վթարային էր ու բոլորիս կյանքի համար վտանգավոր։ Ջուր ու լույս անջատեցին, շենքը համարեցին վտանգավոր, մեզ տնակներ տվեցին, որ տեղավորվենք։ Հետո շենքի ֆունդամենտը գցեցին, որ նոր շենք կառուցեն, բայց եղավ երկրաշարժը, դրան հետևեց Արցախի շարժումը, ու շենքն այդպես մնաց։

Հիմա այդ ֆունդամենտը կա, դարձրել են աղբանոց, կանալիզացիա է լրիվ։ Կհավատա՞ք՝ այդպիսի պետական կառույց չկա, որ չդիմենք, այս խնդրի մասին տեղյակ է նաև Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ժամանակ անձամբ եմ մոտեցել ու իրեն ասել»,- նշեց Նվեր Խաչատրյանը։

Նա նշեց, որ ամեն օր շենքից քարեր ու հող է թափվում, շենքի բնակիչներով փորձում են քարերը տեղում ամրացնել ու ապրել, քանի որ գնալու տեղ չունեն։

«Հիմա էլ ոչ մի բան անել հնարավոր չէ, արդեն անձրևաջրերն են լցվում շենքի մեջ։ Հատկապես Արցախի պատերազմի ժամանակ, երբ Բաքվից հայերը կոտորածից փրկվելով հասան Հայաստան, մենք լռեցինք, ասացինք՝ հայությանը տեղավորեն, մեր խնդրին էլ կանդրադառնան, հավատում էինք, բայց ոչ մի բան էլ չարեցին։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այս խնդրի մասին լավ գիտի, մինչև նախարար նշանակվելը նա մարզպետ էր Արմավիրում։ Ընտրություններից առաջ ես շենքի բոլոր նկարներն ու թղթերն իմ ձեռքով տարել, իրենց եմ տվել։

Երևանի սեյսմիկ ծառայությունը մասնագետ էր ուղարկել մեզ մոտ, առանց գործիքի 2 հոգով եկել էին, բարձրացան տանիք, իջան, գրեցին ու ջնջեցին։ Հետո արդեն 4-րդ կարգի վթարային շենքը դարձրեցին 3-րդ կարգի վթարային։ Զանգահարել եմ այդ մարդկանց, ասում եմ՝ կա՛մ դուք հիմար եք, կա՛մ մեզ եք հիմարի տեղ դրել, մեր շենքում որևէ ռեմոնտ չի արվել, ինչպե՞ս դարձավ 3-րդ կարգի։ Ասացի՝ եթե այդպես է, ուրեմն՝ 5 տարի հետո պետք է դառնա առաջին կարգի վթարային։

Մենք դիմել ենք նաև մասնավոր սեյսմիկ ծառայության, մարդը նայեց, ասաց՝ շենքը 4-րդ կարգի վթարային է։ Նաև ասաց, որ՝ դուրս եկեք շենքից, որովհետև փլվելու է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նվեր Խաչատրյանը նաև ասաց,  որ իրենց որևէ մեկը երաշխիք չի տվել, որ շենքը չի փլվելու, այս պահին բնակիչների հույսը մնացել են լրատվամիջոցները, որ իրենց խնդիրն այնքան լուսաբանեն, մինչև պաշտոնյաները սկսեն աշխատել։

«Ուզում ենք Դատախազություն դիմել, հիմա մեզ ո՞վ կթողնի՝ գնանք Նիկոլ Փաշինյանի մոտ, սա ժողովրդավա՞ր է, մեզ չորս կողմից խաբում են, սա՞ է ժողովրդավար։ Մեզ մեր իրավաբանն ասում է՝ դիմեք Եվրոպական դատարան, սա մարդկային կյանքերին է վերաբերում, հատկապես, որ անչափահաս երեխաներ են ապրում շենքում։

Գոնե երեխաների մասին մտածեն, Դավիթ Խուդաթյանը որ մարզպետ էր, մեզ ասում էր՝ շենքի թղթերը նախարարի մոտ են, հիմա էլ գոնե ինքն է նախարար»,- ընդգծեց մեր զրուցակիցը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031