2027-ի հունվարի 1-ից ՏԻՄ-երում պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ. Փաշինյան

Տեղական ինքնակառավարման մարմիններում 2027 թվականի հունվարի 1-ից պետք է գործի կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգ։ Այս մասին Կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն քաղաքականությանը և պետական կառավարման համակարգում իրականացվող բարեփոխումներին։

Փաշինյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային և թարմացվի։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը հանրության համար հասկանալի է դարձել, քանի որ ներկայացվել են դրանց պատճառահետևանքային կապերը։

«Մենք կարողացանք հանրությանը ցույց տալ, թե ինչպես պետական կառավարման համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելով՝ կարող ենք շատ կոնկրետ օգուտներ բերել քաղաքացիներին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ օգուտները կարող են արտահայտվել առողջության ապահովագրության համակարգով, թոշակների բարձրացմամբ, անապահովության գնահատման նոր համակարգով, դպրոցաշինությամբ և այլ ուղղություններով։

Այդ համատեքստում Փաշինյանն ընդգծեց ՏԻՄ ոլորտում կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգերի ներդրման անհրաժեշտությունը։

«Մենք հիմա պետք է լուծենք ՏԻՄ ոլորտում խնդիրը, որովհետև մենք մեզ խաբում ենք։ Եթե ՏԻՄ-երը ինչ-ինչ պատճառով չեն համարձակվում այդ որոշումները կայացնել, ապա նորից պետք է դնել կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը պետք է օրենքով սահմանի համակարգի աշխատանքի բանաձևը։

«Մենք պետք է օրենքով բանաձևը դնենք, ասենք՝ այսպես է աշխատում կատարողականի գնահատման համակարգը։ Ընդ որում՝ դա պետք է անել անհետաձգելիորեն»,- նշեց նա։

Փաշինյանը շեշտեց, որ աշխատանքը պետք է կազմակերպել այնպես, որ 2027 թվականի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում արդեն գործի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031