Ռուսաստանի կառավարության կողմից դիզվառելիքի արտահանման արգելքի որոշման կայացումը, իհարկե, կարող է պարալիզացնել հայաստանյան շուկան․ Վահե Դավթյան
«Դիզելային վառելիքի դիվերսիֆիկացման հնարավորությունները առավել քան սահմանափակ են․ զգալի մասը՝ 60-70%-ը ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից, և հետևաբար Ռուսաստանի կառավարության կողմից դիզվառելիքի արտահանման արգելքի որոշման կայացումը, իհարկե, կարող է պարալիզացնել հայաստանյան շուկան»,-այս մասին Sputnik Արմենիա–յի հետ զրույցում նշել է քաղաքագետ, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Վահե Դավթյանի խոսքով՝ դա կարող է շատ լուրջ անդրադարձ ունենալ տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության վրա։ Դեռևս պարզ չէ՝ ԵԱՏՄ անդամ երկրների համար կկիրառվի՞, թե ոչ այդ սահմանափակումը։ Քաղաքագետի խոսքով՝ դիզվառելիքի հիմնական սպառող գյուղատնտեսության վրա բացասական անդրադարձը իր հետևից կասկադային էֆեկտ է ունենալու՝ ազդելով բազմաթիվ այլ ոլորտների վրա։
«Սրա գլխավոր հետևանքը կարող է լինել գնաճը ՀՀ շուկայում։ Ճիշտ է՝ կառավարությունը կարող է ժամանակավոր սուբսիդավորման մեխանիզմներ կիրառել, և եթե չեմ սխալվում՝ նման սցենար ևս նախատեսված է որպես հակասթրեսային, հակաճգնաժամային միջոցառում, բայց ակնհայտ է, որ այդ սուբսիդավորումը չի կարող երկար կայունություն ապահովել երկրի տնտեսական համակարգի, սոցիալական կայունության համար։ Կարծում եմ, առանցքային հարցը, որը Երևանը պետք է կարողանա լուծել, դուրս գալն է Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության, քաղաքական երկխոսության կայունացմանը, և որպես դրա արդյունք նաև լուծի մեր շուկա ռուսական էներգակիրների մատակարարման խնդիրը։ Այլապես ունենալու ենք հերթական գնաճը՝ առանց այդ էլ բավական բարդ ինֆլյացիոն իրավիճակում»։

