ՔՊ-ի համար վատ լուր ունեմ` ՀՀ բնակչության մեծ մասը որոշել է հայ մնալ. Արման Աբովյան
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը գրում է.
«ՔՊ-ի համար վատ լուր ունեմ` ՀՀ բնակչության մեծ մասը որոշել է հայ մնալ։
Այսպիսով, արձանագրենք, որ այն հարցին, թե ինչու Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի արձագանքել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ Հայոց ցեղասպանության հարցը չքաղաքականացնելը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության շահերին։
Իրականում ի սկզբանե հասկանալի էր, որ փաշինյանական իշխանությունից, որը գործում է թրքամետ կոլաբորացիոն վարչակազմի տրամաբանությամբ, այլ բան ոչ ոք էլ չէր սպասում։ Բայց հիմա խոսքն այլ գործընթացի մասին է։
Եկեք մի փոքր վերլուծենք Փաշինյանի և նրա համախոհների հակահայկական քաղաքականության պատճառահետևանքային կողմերը։
Պատասխանը բաղկացած է երկու մասից՝ գործնական և հոգեբանական։
Առաջինը՝ հարցի գործնական կողմը։ Ինչպես ցույց տվեցին վերջին ութ տարիների իշխանության գործողությունները և հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը ներառել, իբր, արևմտյան վեկտորի մեջ։ Սակայն նույն Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում Արևմուտքի հիմնական «նայողը» Թուրքիան է, իսկ Ադրբեջանն իր հերթին արդեն իսկ ինտեգրված է արևմտյան համակարգին՝ որպես էներգետիկ արևմտամետ «խաղացող»։
Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանական վերնախավը հասկանում է, որ տարածաշրջանում «արևմուտք» ասվածը թուրք-ադրբեջանական տանդեմն է։
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ փաշինականներին բացարձակապես չի հետաքրքրում այն փաստը, որ նույն Արևմուտքի (այսինքն) Թուրքիայի և Ադրբեջանի համար Հայաստանը ընդամենը ժամանակավոր էթնոքաղաքական միավոր է՝ բնակեցված էթնիկ հայերով։
Պատահական չէ, որ առաջ է մղվում «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական թեզը, որին Հայաստանի իշխանությունները պատասխանում են… հայաստանյան ընդդիմության հասցեին մեղադրանքներով և վիրավորանքներով, որովհետև ընդդիմությունը «համարձակվում է» բարձրաձայնել Ալիևից բխող սպառնալիքների մասին։
Սակայն առանցքային գործոնն այն է, որ Փաշինյանի իշխանության պահպանման երաշխավորները Թուրքիան և Ադրբեջանն են։
Հետևաբար, ցանկացած իրավիճակ, որը վնասում է թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքականությանը, Փաշինյանի կողմից ընկալվում է որպես սեփական իշխանության գոյությանը սպառնացող գործընթաց։ Մի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի ակտիվ պաշտպանությունը Փաշինյանի համար իր իսկ իշխանությունը պահպանելու գլխավոր խնդիրներից մեկն է։
Երկրորդ կողմը՝ հոգեբանականն է։ Տեսեք, թե ինչ պատկեր է ստացվում։ Հայ ժողովրդի բոլոր հոգևոր, ազգային, պատմական և պետական շահերը հակասում են փաշինյանական իշխանության աշխարհայացքին և քաղաքականությանը։ Սա փաստ է։
Ավելին, հայկական ազգային-հոգևոր հիմքի ամբողջական մերժումը ոչ միայն Փաշինյանի քաղաքականությունն է, այլև նրա և նրա գաղափարակիցների ներքին համոզմունքը։ Ըստ էության, հայկական ինքնության ցանկացած դրսևորում փաշինյանական իշխանությունների կողմից ընկալվում է որպես սպառնալիք։
Այսինքն՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար հայերը, դասական իմաստով՝ սկսած Հայ Առաքելական Եկեղեցուց մինչև պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունը, ընկալվում են որպես իրենց համար օտար և վտանգավոր տարր։
Հենց այդ պատճառով էլ մենք տեսնում ենք, թե ինչպես են փաշինականները մարդկանց բաժանում անդեմ «հպարտ քաղաքացիների» և «ռևանշիստների»։ Այլ կերպ ասած՝ չհայերի և հայերի։ Ի դեպ, դա հաստատեց հենց Նիկոլ Փաշինյանը, երբ իր կուսակցության դեմ քվեարկած մարդկանց անվանեց «գարշահոտ կաշառակերներ», իսկ իր օգտին քվեարկածներին՝ «գիտակից քաղաքացիներ»։
Արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Հայաստանի իշխանության հոգեբանությունը հայերին ընկալում է որպես սպառնալիք, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ ոչ թե որպես հայկական ազգային պետություն, այլ որպես ինչ-որ ամորֆ կառույց, որը կարելի է վերափոխել, փոխել, ձևափոխել կամ նույնիսկ լուծարել։
Ի դեպ, հենց դրանով էլ պայմանավորված է փաշինականների լիովին հանդուրժողական վերաբերմունքը «Արևմտյան Ադրբեջան» դոկտրինի նկատմամբ։
Եթե պետության գաղափարախոսության մեջ բացակայում է ազգային բաղադրիչը, ապա արդեն էական չէ, թե ով է բնակեցնում այդ երկիրը, ով է դրամարկղային կտրոններ տպում, ով է հարկեր վճարում՝ հայե՞րը, թե՞ «արևմտյան ադրբեջանցիները»։ Եվ այդ դեպքում, դուր գա դա ինչ-որ մեկին, թե ոչ, Հայաստանի ներկայիս իշխանության փիլիսոփայության համաձայն, փաշինյանական Հայաստանի «հպարտ քաղաքացիներ» կարող են լինել նաև «արևմտյան ադրբեջանցիները»։
Սակայն այս ամբողջ համակարգում Փաշինյանի և նրա թիմի համար կա նաև վատ լուր։ Վերջին ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը որոշել է մնալ հայ և քվեարկել է «Քաղաքացիական պայմանագրի» դեմ…։»

