Նեթանյահուն այցելել է Լիբանանի հարավ և հայտարարել, որ Իսրայելը չի հեռանա մինչև սպառնալիքի վերացումը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում իսրայելական զորքերին այցելության ժամանակ, զինծառայողներին կոչ է արել անմիջապես արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ առանց լրացուցիչ հրամանների սպասելու, գրնում է The Times of Israel-ը։
«Եթե դուք սպառնալիք հայտնաբերեք ձեր անվտանգությանը, ձեր կյանքին կամ ձեր ընկերների կյանքին՝ գործե՛ք։ Մի՛ սպասեք։ Գործե՛ք։ Սա խիստ և անվերապահ հրաման է»,- հայտարարել է Նեթանյահուն։
Ուղևորության ընթացքում նրան ուղեկցել են պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թամիր Յադային։
Այցը տեղի է ունեցել այն բանից մի քանի օր անց, երբ Իսրայելն ու Լիբանանը, ԱՄՆ-ի միջնորդությամբ, համաձայնեցրել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում՝ Լիբանանի հարավային մասում «Հըզբոլլահի» հաստատված զինաթափման դիմաց։
Նեթանյահուի խոսքով՝ հենց Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահի» դեմ Իսրայելի ռազմական գործողություններն են հնարավոր դարձրել այս պայմանավորվածությունների ձեռքբերումը։
«Այստեղ ձեր գործողությունների շնորհիվ Լիբանանը ճանաչում է Իսրայելը, Իսրայելը ճանաչում է Լիբանանը, իսկ մենք Իրանին և «Հըզբոլլահին» ասում ենք՝ հեռացե՛ք այստեղից։ Դուք այստեղ տեղ չունեք… Սա ապտակ է և հզոր հարված իրանական առանցքին»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է նաև, որ Իսրայելը չի լքի Լիբանանի հարավը քանի դեռ սպառնալիքը չի չեզոքացվել։
«Քանի դեռ «Հըզբոլլահը» մնում է այստեղ զինված և սպառնալիք է մեզ համար, մենք դեռ կմնանք այստեղ»,- հայտարարել է Նեթանյահուն։
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել «Հըզբոլլահի» դեմ գործողությունների արդյունքները՝ այն անվանելով «իրանական առանցքի կարևորագույն օղակը»։ Ըստ նրա՝ վերջին մարտական գործողություններից հետո շարժման մոտ մնացել է իր նախկին զինանոցի միայն մոտ 8%-ը, որը նախկինում ներառում էր շուրջ 150 հազար հրթիռ և ռեակտիվ արկ, ինչպես նաև ոչնչացվել է նրա շուրջ 9 հազար մարտիկ։
Այցի ընթացքում Հյուսիսային ռազմական օկրուգի հրամանատար Ռաֆի Միլոն, 91-րդ դիվիզիայի հրամանատարը և բրիգադների հրամանատարները վարչապետին ու պաշտպանության նախարարին զեկուցել են գործողությունների ընթացքի մասին։ Բացի դրանից, նրանց ցուցադրվել են սպառազինության և զինամթերքի նոր տեսակներ, որոնք նախատեսված են «Հըզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի կողմից աճող սպառնալիքին հակազդելու համար։
Ուղևորության ընթացքում Նեթանյահուին ուղեկցել են նաև Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Շմուել Բեն-Էզրան և վարչապետի ռազմական քարտուղար Գայ Մարկիզենոն։

