Դանիայի ափերի մոտ նկատել են «Պուտինի զբոսանավը»՝ ականակիր և պարեկային նավերի ուղեկցությամբ
Դանիայի ափերի մոտ արձանագրվել է երեք ռուսական նավերից բաղկացած «անսովոր շարասյան» տեղաշարժ, ներառյալ՝ Graceful սուպերզբոսանավը, որը մի շարք միջազգային լրատվամիջոցներ կապում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է դանիական DR Verifier պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ զբոսանավն ուղեկցում են ռուսական մի ականակիր նավ և պարեկային նավ: Նշվում է, որ Graceful-ի ռադիոփոխանցիչն անջատված է եղել 2022 թվականի օգոստոսից։
Հաղորդվում է, որ դանիական ռազմածովային ուժերը և գերմանական առափնյա պահպանությունը հերթագայությամբ հետևում են նավերի խմբի տեղաշարժին։ Շարասյան հավանական երթուղին դեպի Ստամբուլ է, գրում է «Агентство»-ն։
Graceful-ը կառուցվել է 2014 թվականին և նախկինում բազմիցս նկատվել է Սոչիում՝ Վլադիմիր Պուտինի այցերի ժամանակ։ 2021 թվականին նավը վերանորոգում էր անցնում Համբուրգում, իսկ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո, ըստ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների տվյալների, տեղափոխվել էր Կալինինգրադ։

