Մելիքբեկյանի որոշումը վերջնական է, իսկ «ժառանգորդ» դեռ չկա. Aysor.am
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն օրերս տված հարցազրույցում հայտարարեց, որ այս պահին մտադրություն չունի առաջադրվելու դեկտեմբերին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններում։ Այդ հայտարարությունը լայն քննարկումների առիթ դարձավ՝ առաջ բերելով տարբեր վարկածներ այն մասին, թե ինչն է նման որոշման իրական պատճառը։
Aysor.am-ի տեղեկություններով՝ այս որոշումն անձամբ Մելիքբեկյանինն է։ Ի տարբերություն շրջանառվող տարբեր վարկածների՝ դրա վրա չի ազդել ո՛չ որևէ ներքին ճնշում, ո՛չ որևէ կոնկրետ իրադարձություն, ո՛չ էլ վերջին շաբաթների կադրային փոփոխությունները։ Արմեն Նիկողոսյանի՝ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնը թողնելու լուրը ևս որևէ կապ չունի Մելիքբեկյանի՝ ընտրություններին չմասնակցելու որոշման հետ։ Այդ երկու գործընթացները փոխկապակցված չեն, թեև վերջին օրերին փորձեր են արվում դրանք ներկայացնել որպես մեկ շղթայի մաս։
Aysor.am-ի աղբյուրները պնդում են, որ Մելիքբեկյանը նույնիսկ չի զբաղվում հնարավոր իրավահաջորդի փնտրտուքով։ Այս պահին նա բոլորովին այլ առաջնահերթություններ ունի․ կենտրոնացած է Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում ելույթների, ինչպես նաև մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության կազմակերպչական աշխատանքների վրա։ Ըստ մեր տեղեկությունների՝ հենց այս երկու ուղղություններն են այժմ զբաղեցնում ՀՖՖ նախագահի հիմնական ուշադրությունը։
Արմեն Մելիքբեկյանն իրեն բավական վստահ է զգում նաև ՈՒԵՖԱ-ում։ Նրա դիրքերն այնտեղ այնքան ամուր են, որ այս պահին Մելիքբեկյանը որևէ անհանգստություն չի տեսնում ո՛չ իր միջազգային հեղինակության, ո՛չ էլ հետագա գործունեության հետ կապված։ Ավելին, եվրոպական ֆուտբոլային շրջանակներում Մելիքբեկյանի ազդեցությունն ու կապերը շարունակում են ամրապնդվել։
Թե ով կգլխավորի ՀՖՖ-ն Մելիքբեկյանից հետո, առայժմ չգիտի նույնիսկ նրա ամենամոտ շրջապատը։ Aysor.am-ը հայտնում է, որ այս պահին Մելիքբեկյանը չունի նախընտրած կամ արդեն ընտրված «ժառանգորդ», և այդ թեման օրակարգում չէ։ Եթե առաջիկա ամիսներին իրավիճակը չփոխվի, ապա դեկտեմբերին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրությունը կարող է դառնալ վերջին տարիների ամենաանկանխատեսելին․ առաջին անգամ երկար ժամանակ անց ֆեդերացիան կարող է մտնել ընտրական գործընթաց՝ առանց ակնհայտ ֆավորիտի կամ իշխանության կողմից նախապես ձևավորված սցենարի։

