«Ի՞նչ է նշանակում հերոս հարկատու, երբ ամեն օր քո կեղտոտ կոշիկները մաքրում ես այդ հարկատուի  արժանապատվության վրա». Խաչատուր Մարոզյան

Կառավարության անցնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ հրահանգեց վերահսկել, այսպես կոչված, հեռախոսների «սև շուկան», որից հետո էլ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ Հայաստանում ներդնելու են հեռախոսների նույնականացման կամ IMEI  համակարգը։

Կառավարության այս որոշմանն անդրադարձել էր մեդիահետազոտող Սամվել Մարտիրոսյանը, շեշտելով, որ Կառավարությունը որոշել է բոլորի բջջային հեռախոսների IMEI-ները գրանցել։

«IMEI-ը հեռախոսի հատուկ իդենտիֆիկացման համարն է, ոնց որ մեքենայի համարանիշն է, որն ունիկալ է, 15 նշանոց թիվ է, ու դա դարձնում է ձեզ շատ վերահսկելի հեռախոսի տեսանկյունից։

Սա մեզ դարձնում է շատ ավելի վերահսկելի, որովհետև ոչ միայն SIM քարտով եք դուք վերահսկվում, այլ նաև ձեր հեռախոսը ֆիզիկապես միշտ պարզ է դառնում, որ սա ձեր հեռախոսն է, պլյուս, ըստ նախագծի՝ ստեղծվում է ինչ-որ կազմակերպություն, ընդ որում, ոչ պետական, որին չափազանց շատ տվյալներ են տրվում, այսինքն՝ ձեր հեռախոսի IMEI-ը, սիմ քարտը, անձնագրի համարը, պլյուս՝ նաև սահմանի շարժը»,- նշել էր Սամվել Մարտիրոսյանը։

Կարդացեք նաև

«Հոգեբանների և իրավաբանների» ասոցիացիայի հիմնադիր նախագահ, իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանի բնորոշմամբ՝ այս ամենը պետության և պետության ղեկավարի կողմից ուղիղ միջամտություն է մարդու անձնական կյանքին։

«Ընդհանուր առմամբ վերջին ժամանակներս որոշ պետությունների կողմից սկսվել է մի գործընթաց, որով ուզում են մարդուն, քաղաքացուն դարձնեն տոտալ վերահսկելի, այսինքն՝ յուրացնեն մարդուն։

Եթե մարդու ազատությունը, նրա հիմնարար իրավունքները մի կողմ ենք դնում, մարդուց էլ ի՞նչ է մնում, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «պետությունը ես եմ», սա նշանակում է, որ այդ մարդն անելու է այն, ինչ ցանկանա, այստեղ այլ հարց է՝ ինչպես չպետք է թույլ տանք։ Մեր երկրում միայն մարդու անձնական կյանքն էր մնացել անձեռնմխելի՝ ինչ-որ առումով, սա էլ է ուզում վերցնել տոտալ վերահսկողության տակ։ Սա տեսավ, որ մեր հասարակությունն ինչ-որ առումով թուլացած է, ընկճված, փորձեց այդ մի որոշումն էլ ընդունի, մարդուն դետալ առ դետալ մասնավորեցնում է, մարդուն դարձնում է ռոբոտ»,168.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Մարոզյանը։

Այստեղ մեր զրուցակիցը վտանգավոր մեկ բան է տեսնում՝ պետության ու նրա ղեկավարի կողմից մարդու կյանքին նման միջամտությունից կարող է հասարակության դժգոհությունն այնքան մեծանա, որ միանգամից պայթի, որը կարող է լինել անվերահսկելի՝ իր անկանխատեսելի հետևանքներով։

«Մեր ազգը մի օր աթնանալու է, Սևակն է ասում, չէ՞, որ «Հերոսությունը ծնվում է այնտեղ, երբ ավարտվում են բոլոր հնարավորությունները»։ Հիմա մարդկանց մոտ վակուում է, բաց, որը պետք է լցվի, և դրանից հետո կտեսնենք դժգոհությունը։ Մարդուն այսօր ունեզրկում են՝ ունեցվածքն էլ են խլում, անձնական իրավունքներն էլ՝ հետը։ Հիմա վերևում նստած են, տեսնում են, որ մարդկանց մեջ դժգոհություն չկա, դրա համար էլ սրտների ուզածն անում են, բայց վստահ եմ՝ մարդուն ամբողջովին ոչնչացնել հնարավոր չէ»,- շեշտեց Խաչատուր Մարոզյանը։

Մեր զրուցակցի բնորոշմամբ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «հպարտ քաղաքացիներ, խոնարհվում եմ ձեր առաջ», դրանով պետք է հասկանային, որ մարդուն այնքան է գովելու, մինչև դարձնի «փուչիկ» ու միանգամից տրաքացնի։

«Հերոս հարկատու ի՞նչ է նշանակում, երբ դու ամեն օր քո կեղտոտ կոշիկները մաքրում ես այդ հարկատուի  արժանապատվության վրա։ Այս ամենը բերելու է կրիտիկական իրավիճակի»,- ընդգծեց Խաչատուր Մարոզյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930