ՊԵԿ-ը և Եվրոպայի խորհուրդը պայմանավորվել են խորացնել հակակոռուպցիոն համագործակցությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել ՊԵԿ-ի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված համագործակցությունը և քննարկել դրա հետագա խորացման, ընդլայնման, ինչպես նաև այն առավել համակարգված ու երկարաժամկետ ձևաչափով զարգացնելու հնարավորությունները։

Ողջունելով հյուրին՝ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի դերը ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքների ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ այդ սկզբունքները առանցքային նշանակություն ունեն Հայաստանի հարկային և մաքսային համակարգերի շարունակական բարեփոխումների համատեքստում։

ՊԵԿ նախագահը նշել է, որ Կոմիտեն հետևողականորեն իրականացնում է վարչարարության արդիականացման քաղաքականություն՝ նպատակ ունենալով ապահովել առավել թափանցիկ, հաշվետու և արդյունավետ համակարգ։ Այս գործընթացում առանձնահատուկ կարևորություն է տրվում բարեվարքության ամրապնդմանը, հակակոռուպցիոն մեխանիզմների զարգացմանը և հանրային վստահության ամրապնդմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի, կրիպտոակտիվների ոլորտում առկա ռիսկերի կառավարման, ինչպես նաև ծառայողական բարեվարքության և ինստիտուցիոնալ ամբողջականության ամրապնդման ուղղություններով համագործակցության խորացման հնարավորությունները։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ այն դարձնելով առավել համակարգված, կայուն և արդյունքահեն, ինչպես նաև նախանշել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ հետաքրքրվածությունը՝ շարունակելու երկխոսությունը և քննարկելու նոր նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը, հակակոռուպցիոն քաղաքականությունների զարգացմանն ու կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և հակազդման մեխանիզմների ամրապնդմանը, ինչպես նաև խաղատների և շահումով խաղերի ոլորտում ռիսկերի կառավարման և վերահսկողության կատարելագործմանը, և բարեփոխումների հետևողական իրականացմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930