Ֆրանսիայում ռեկորդային շոգի պատճառով ատոմակայաններ են կանգնեցվում
Ռեկորդային շոգի ֆոնին ֆրանսիական պետական էներգետիկ EDF կոնցեռնը որպես կանխարգելիչ բնապահպանական միջոցառում ժամանակավորապես դադարեցրել է երկու միջուկային ռեակտորների աշխատանքը։
Ատոմակայանները գետի ջուրն օգտագործում են ռեակտորները սառեցնելու նպատակով և հետո այն վերադարձնում են հուն, սովորաբար արդեն մի քանի աստիճանով կամ աստիճանի մի քանի տասնորդականով ավելի տաք վիճակում՝ կախված հարթակից։ Էքստրեմալ շոգի պայմաններում, երբ գետերն առանց այդ էլ տաք են լինում, օպերատորները ստիպված են լինում նվազեցնել կամ դադարեցնել արտադրությունը՝ օրենքով սահմանված ջրի բացթողնման ջերմաստիճանային նորմատիվները չգերազանցելու համար։
Ֆրանսիան 96 դեպարտամենտներից ավելի քան կեսում հայտարարել է կարմիր՝ կյանքի համար վտանգ ներկայացնող վտանգի մակարդակ՝ կոչ անելով բնակիչներին խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ցուցաբերել «բացարձակ զգոնություն», քանի որ շոգն ուժգնանում է: Météo-France-ը հայտնել է, որ հունիսի 23-ը՝ երեքշաբթին, դարձել է ամենաշոգ օրը 1947 թվականին օդերևութաբանական դիտարկումների սկսվելուց ի վեր: Երկուշաբթի օրվա դրությամբ Ֆրանսիայում հաստատվել է շոգի հետ կապված առնվազն 18 մահ, և հունիսի 18-ից ի վեր առնվազն 40 մարդ խեղդվել է:
Ճգնաժամը չի սահմանափակվում միայն Ֆրանսիայով: Գերմանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Շվեյցարիայում նույնպես սպասվում է անոմալ շոգ, որն արդեն սկսում է կաթվածահար անել առօրյա կյանքը. հարյուրավոր դպրոցներ փակվում են կամ կրճատում դասերը, իսկ գնացքների երթևեկությունը, այդ թվում՝ Փարիզում և Բրյուսելում, կրճատվել է՝ խափանումների ռիսկը նվազեցնելու համար:
Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ Միջերկրածովյան տարածաշրջանում ջերմաստիճանը կարող է հասնել 43 աստիճան Ցելսիուսի: Էներգահամակարգում լարվածությունն արդեն նկատելի է. անցյալ տարվա հունիս-հուլիսյան շոգի պիկ օրերին էլեկտրաէներգիայի օրական սպառումն ավելացել է մինչև 14 տոկոսով, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի միջին օրական գների երկու-երեք անգամ աճի:
Գիտնականները նախազգուշացնում են, որ միտումը վատթարանում է: Համաձայն նոր խոշոր հետազոտության՝ Եվրոպայի առանձին տարածաշրջաններում էքստրեմալ շոգը տարվա մեջ մինչև 40 օր ավելի երկար է տևում, քան 1970-ական թվականներին:

